Tert.am-ը գրում է.

Մոտ երկու տարի առաջ Իրանի միջուկային ծրագրի շուրջ սկսված և ներկայումս Լոզանում ընթացող բանակցությունների այս հերթական փուլը չափազանց մեծ, արտակարգ կարևորության նշանակություն ունի Հայաստանի համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Իրանում այս բանակցությունների հետ չափազանց մեծ հույսեր են փայփայում: «Ռոյթերս» -ում կարդացի, որ  բոլոր հարցերը գլխավորապես լուծված են, և մնացել են տեխնիկական հարցերը: Ես տեսել եմ, որ դա այդպես չէ, բայց դատելով նրանից, թե Սերգեյ Լավրովն էլ ինչ է ասել,  ինչ-որ առաջընթաց կա»,-ասաց նա։

Քաղաքագետը հավելեց, որ պետք է սպասել՝ բանակցությունները մինչև հունիս ինչպես կընթանան և որ բավական լայնածավալ աշխատանք է նախանշված:

«Սա շատ կարևոր է մեզ համար, որովհետև պատժամիջոցների թեթևացումը կամ դրանց  հանումը, Իրանի ներքին  շուկան կդարձնի պակաս պրոտեկցիոնիստական,  և սա դրական կանդրադառնա Հայաստանի համար, որն արդեն խեղդվում է առանց մատչելի շուկաների»,- ասաց Ալ. Իսկանդարյանը և հավելեց, որ կա տարածված սխալ թեզ, որ իրանական շուկան մեզ համար բաց է:

«Դա այդպես չէ, բաց է միայն իրանական էներգետիկան»,-ավելացրեց նա:

Նա հավելեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է, այն ինչ տեղի է ունենում Եմենում՝ շիաական-սուննիական հակամարտությունը։

«Դա տեղի է ունենում նաև այլուր և նույնիսկ Սաուդյան Արաբիայում , Բահրեյնում, սա խոսակցություն է Մերձավոր Արևելքում ազդեցության մասին»,-ավելացրեց Ալ. Իսկանդարյանը:

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ևս, ըստ Ալ. Իսկանդարյանի ուղիղ կերպով անդրադառնում է Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը ուղիղ կերպով կախված է Արևմուտք -Ռուսաստան փոխհարաբերություններից:

Անդրադառնալով ուկրաինական օլիգարխ Կոլոմոյսկու և երկրի Նախագահ Պորոշենկոյի՝ օրերս հանգուցալուծված հակամարտությանը, քաղաքագետը առաջարկեց չօգտագործել «օլիգարխ», բառը, և այն փոխարինել«խոշոր  գործարարների կոալիցիոն համակարգ»-ով:

«Այդ կոալիցիայում կարող են փոխվել ֆիգուրները, բայց ոչ կառուցվածքը, և այն միշտ կրկնում է նախորդները»,-հայտարարեց քաղաքագետը:

Սակայն նա կարծում է, որ սա Ուկրաինայում կենտրոնամետ իշխանության հաստատման ուղղությամբ արված փորձերից միակ խոշոր հաղթանակն է:

«Մինչ այս այն,  ինչ այնտեղ կատարվում էր,  նման էր կոլապսների սերիայի: Նկատի ունեմ բոլոր` բարեփոխումներ անելու փորձերը, արևմտյան օգնություններն օգտագործելու,   կանոնակարգելու  կառավարության բոլոր փորձերը: Եվ կարծում եմ, որ Ուկրաինայի իշխանության  պրոբլեմը կոչվում էր ոչ թե Դոնբաս, այլ Կոլոմոյսկի, որովհետև Ուկրաինան առանց Դոնացկեի, Լուգանսկի ու Ղրիմի, միևնույն է՝ Ուկրաինա է, իսկ առանց Զապորոժիեի  ու Դնեպրոպետրովսկի արդեն Ուկրաինա չէ»,-ավելացրեց քաղաքագետը:

Նա նկատեց, որ Հայաստանում դա այնքան էլ լավ չեն պատկերացնում. «Պատկերացրեք, որ նահանգապետը՝ մարզպետը իր բանակով գրոհում է օրինակ՝ «Գազպրոմ»-ը, և հետո արդեն նրանից հետ են խլում այն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել