Հայաստանում քիչ են ուշադրություն դարձնում Մերձավոր Արևելքում ծավալվող զարգացումների վրա, մինչդեռ այնտեղ հիմա թեժ պրոցեսներ են ընթանում, որոնց արդյունքում ավելի ու ավելի է խորանում առճակատումն իսլամական աշխարհի երկու՝ շիա ու սուննի թևերի միջև։

Այս դիմակայությունը կարող է բերել ու հավանաբար կբերի Մեծ Մերձավոր Արևելքի քարտեզի վերագծման։ Մեծ հաշվով, դա արդեն դե ֆակտո իրականություն է, ու թեև միջազգային հանրությունը դեռ դե յուրե չի ճանաչել այդ իրողությունը, բայց այնտեղ արդեն գոյացել են երկու լիարժեք պետական միավորումներ՝ Իսլամական պետությունն ու Քուրդիստանը։ Սա ծրագրված էր վաղուց, ու դրան գնում էին հետևողականորեն։

Սակայն հիմա խաղի մեջ է մտել Իրանը, ով չի պատրաստվում ձեռքները ծալած հետևել տարածաշրջանի քարտեզի վերաձևմանը, որն իրականացնում են ԱՄՆ-ը ու ԱՄՆ-ի սուննիական դաշնակիցները։ Բացի նրանից, որ պարսիկները թույլ չտվեցին Սիրիայի ջախջախումը և ակտիվորեն հակազդում են ԻՊ-ին Իրաքում, նրանք արդեն մի քանի շաբաթ է, ինչ պաշտպանվող դոկտրինից անցել են հակահարձակման, որի արդյունքում շիա ճյուղը դավանողների մեծամասնություն ունեցող Եմենում տապալվեց սուննիական իշխանությունը։

Սա արդեն բերել է նրան, որ արաբական երկրների դաշինքն օդային հարվածներ է հասցնում հուսի ապստամբների դիրքերին, ու նույնիսկ խոսակցություններ կան ցամաքային օպերացիա անցկացնելու վերաբերյալ, բայց արաբները հապաղում են դա անել, քանի որ ցանկացած նման ասիմետրիկ գործողություն վստահաբար բերելու է Իրանի պատասխան քայլերին ինչպես Եմենում, այնպես էլ տարածաշրջանի այլ կետերում՝ Սիրիա, Իրաք, Լիբանան և ինչո՞ւ ոչ՝ Սաուդյան Արաբիա, որտեղ ևս շիա բնակչությունը շոշափելի թիվ է կազմում։

Ստեղծված կոնֆիգուրացիայում ամենաաննախանձելին Իսրայելի դրությունն է, քանի որ գնալով ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ի նախանշած նոր Մերձավոր Արևելքում այն իր տեղը չունի, ու արդեն մոտ հեռանկարում Իսրայելը կարող է հայտվել բարդ երկընտրանքի առջև. լինել միայնակ՝ բոլորի դեմ կամ էլ փնտրել նոր դաշնակից՝ ի դեմս ներկայում իր մահացու թշնամի Իրանի, որովհետև սուննիների, այն էլ արմատական սուննիների բաղձալի պարագայում Իսրայելի հրեաներին, բացի նոր Հոլոքոսթից, ոչ մի ուրիշ բան երաշխավորված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել