Վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչի ու ՀՖՖ-ի ղեկավարի հարցերի շուրջ: Առաջարկում եմ քննարկելիս կամ քննադատելիս դրանով զբաղվել էմոցիոնալ դաշտից դուրս:
Նախ՝ ՀՖՖ-ի ղեկավարի մասին: Այսօր հանրապետությունում դժվար կգտնվի մի մարդ, որ ֆուտբոլում նման ներդրումներ կարող է անել՝ անկախ դրանց չափերից և բիզնես տեսանկյունից ակնկալվող արդյունքից: Եվ պարզապես այլ դրածոյի գործոնն առանց ներդրումների ոչ մի օգուտ չի բերի մեր հայկական ֆուտբոլին: Այնպես որ՝ ՀՖՖ-ի ղեկավարի պաշտոնը հանգիստ թողեք:
Մեկ այլ հարց է հավաքականի մարզչի ընտրությունը: Երկրպագուներիցս յուրաքանչյուրն ի՞նչ է արել այս ուղղությամբ: Ոչինչ: Եթե հավաքականի մարզչի աշխատավարձի վճարման ֆոնդ հիմնադրվի, և մեզանից յուրաքանչյուրս որոշակի հանգանակություն կատարենք այդ ֆոնդին, կարծում եմ՝ մեր պահանջն էլ արդարացված կլինի: Բայց այսօր ունենք այլ իրականություն: ՀՖՖ-ի նախագահն իր անձնական (չանդրադառնանք, թե որտեղից են դրանք), ինչ-որ չափով էլ ֆեդերացիայի սուղ միջոցներից պետք է կազմակերպի մարզչի վարձատրությունը: Եվ մեղադրել, որ դրա համար քիչ է ծախսում ՀՖՖ-ի նախագահը, կարծում եմ, բարոյական չէ: Այստեղ միայն մի հարցում կարելի է մեղադրել՝ ձրի պանիրը միայն թակարդում է լինում: Իսկ եվրոպացու համար խորթ է ձրի ու առանց մոտիվացիայի աշխատելը:
Հիմա մարզչի հարցը: Վ.Մինասյանն իրեն հավաքականում սպառել էր դեռևս նախորդ շրջափուլում՝ հավաքականին նոր շունչ էր պետք, նոր գաղափարներ, որը նրա կարողություններից այլևս դուրս էր: Մարզչի տարիքն էլ կապ չունի, և որպես վառ ծայրահեղությունների օրինակներ՝ Ալեքս Ֆեռգյուսոնը և Պեպ Գվարդիոլան: Դեռևս նախորդ շրջափուլում Վ.Մինասյանը հարցազրույցները տարակուսանք էին ստեղծում ապագայի մասին՝ հայտարարելով, թե թիմը երիտասարդ է: Բայց երիտասարդության անցմամբ անցնում է նաև ֆուտբոլիստների խաղային որակները, և այսօր ունենք ֆուտբոլիստներ, որ միայն անուններն են մնացել, և ընդամենը կարող ենք արձանագրել, որ հավաքականի ֆուտբոլիստներից ոչ ոք աճ չի արձանագրել վերջին 3 տարում:
Ապագայի մասին: Այս շրջափուլում մենք այլևս ձախողված ենք: Առջևում ունենք 4 պաշտոնական և 1 ընկերական խաղ: Մեզ պետք է մարզիչ, որը թիմն այս հանդիպումներով կնախապատրաստի հաջորդ շրջափուլին, և նրանից այս 5 հանդիպումներից մեծ պահանջներ չպետք է ունենանք: Միաժամանակ անընդունելի կլինի ինչ-որ անցումային մարզիչ ունենալը, իսկ Ս.Հովսեփյանը որպես մարզիչ դեռ շատ ճանապարհ ունի: Չնայած Գվարդիոլան նրա տարիքում եվրոպական ֆուտբոլում ամեն ինչ նվաճել էր, բայց մի մոռացեք նրա անցած դպրոցը: Կարճ ասած՝ Ս.Հովսեփյանը հավաքականին դեռ սազական մարզիչ չէ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ներկայիս ֆուտբոլիստների հետ դեռևս 2 տարի առաջ խաղընկերներ էին: Ջորկաևը լավ ֆուտբոլիստ էր, բայց նրան անգամ «վատ» մարզիչների դասին չի կարելի դասել: Մյուսներին չանդրադառնամ, քանի որ մի մասի համար հավաքականը գլխավորելն արկածախնդրության նման մի բան կլինի, իսկ մյուս մասը պարզապես այդքան պատրիոտ չի:
Հ.Գ. Շալանդի հրաժարականով արթնացել են լավատեսության նշույլներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել