Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Եղիշե Չարենց, Վիլյամ Սարոյան. մեր մեծերից շատերն ունեին հայկական քիթ, սակայն նրանք հայ են, և սա է գլխավորը։ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում երեկ կայացավ «Քիթ cut» ներկայացման պրեմիերան, որին ներկա էր նաև BlogNews.am-ը։

Նոր դերասանուհի ու սցենարական, ռեժիսորական նոր լուծումներ. դերասանուհի Լիլի Միքայելյանին այսուհետև փոխարինելու է դերասանուհի Զառա Սահակյանը, ով ներկայացում էր բերել իր գույնն ու տեսակը, և նրա մուտքով այն էական փոփոխության էր ենթարկվել, սակայն բուն ասելիքը նույնն է. սիմվոլիզմով հարուստ բեմադրության հիմքում հայի տեսակի պահպանումն է։ Որպես կոնֆլիկտի գլխավոր խորհրդանիշ՝ ընտրված է հայկական քիթը, որով հարուստ են գլխավոր դերակատարներ Անդրանիկ Հարությունյանն ու Կարապետ Բալյանը։)

«Քիթ cut»-ի գործողությունները ծավալվում են 2080 թվականին, հերոսներն ապրում են 300 հազար քմ տարածքով Մեծ Հայքում, սակայն խնդիրները նույնն են. հայ մնալու համար պետք է վճարել, իսկ հարկերն ու «կարմիր գծերը» տարածվում են անգամ քթերի ծավալի վրա:

Ներկայացման սցենարի հեղինակներն Արմեն Վարդանյանն ու Էդգար Կոստանդյանն են, բեմանկարչությունն ու ձևավորումն արել է Տաթև Հովհաննիսյանը, ռեժիսորը Կարապետ Բալյանն է։ Վերջինս  BlogNews.am-ին ասաց, որ արձագանքները կարող են լինել և՛ դրական,  և՛ բացասական, կարևորն այն է, որ մարդիկ անտարբեր չեն։

Ըստ Կարոյի՝ եզակի դեպք է, երբ ինքը ներկայանում է և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես դերասան։ «Հուսով եմ՝ էդպիսի առիթ այլևս չի ստեղծվի, քանի որ այս դեպքում ես ինձնից ավելի դժգոհ եմ, քան սովորաբար. որպես դերասան ներկայանալիս չեմ կարող նայել՝ ինչ եմ բեմադրել, իսկ որպես ռեժիսոր՝ չեմ կարող նայել՝ ինչ եմ խաղում»,- նշեց նա։

Ի դեպ, ըստ հումորային ներկայացման, 2080 թվականին «Հարազատ թշնամին» դեռ չէր ավարտվել։) Զառան նմանակում էր Սպոյի և Էմիլիի երկխոսությունը։)  Ըստ Կարոյի՝ այսպիսով կոմերցիոն նպատակ  չեն հետապնդել։ «Ուղղակի բարի ժպիտով ծաղրել ենք այն բաները, որոնք մեր կյանքում շատ ավելի կարևոր դեր են խաղում, քան պետք են, օրինակ՝ սերիալը։ Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան։ Եթե կոմերցիոն նպատակներ ունենայինք, դուրս կհանեինք ներկայացման բուն ասելիքն, ու հանդիսատեսը կգար, կծիծաղեր, կգնար»,- ասաց նա։

Անդոն ու Կարոն զիջո՞ւմ են հայկական գենով քիթը, թե` ոչ, կիմանաք, երբ դիտեք ներկայացումը:)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել