Վաղուց արդեն նորություն չէ, որ արևելաեվրոպական երկրներում ու ոչ միայն, արդեն տասնամյակներ շարունակ կիրառվում են Արևմուտքում մշակված քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք բերում են տվյալ երկրի ներքաղաքական մթնոլորտի անկայունացման, իսկ որոշ դեպքերում՝ նաև հեղաշրջումների։ Որոշ երկրներում այդ տեխնոլոգիաներն աշխատում են լիարժեքորեն (օրինակ՝ Ուկրաինայում), որոշ երկրներում դրանք աշխատում են թերի (օրինակ՝ Ռուսաստանում), իսկ որոշ երկրներում էլ դրանք բացարձակապես չեն աշխատում (օրինակ՝ Հայաստանում)։

Հայաստանում մայդանական տեխնոլոգիաներն ու ամերիկացի քաղտեխնոլոգ Ջին Շարփի մեթոդիկան ներդնելու բարդ ու «անշնորհակալ» գործն իր փխրուն ուսերի վրա ստանձնել է Հիմնադիր խորհրդարանը, ու ինչ-որ տեղ նաև դրանից է, որ թե այդ տեխնոլոգիաների կիրառությունը և դե դրանց արդյունքները կրկեսային են ստացվում։

Ես առայժմ չեմ ուզում պնդել, որ նրանց գործողություններն ուղղակիորեն կոորդինացվում, ֆինանսավորվում ու կառավարվում են Ադմիրալ Իսակովի պողոտայի և Բաղրամյան փողոցի վրա գտնվող դեսպանատներից, սակայն այն, որ առնվազն միմոսության մակարդակով Սեֆիլյանի անվան տոտալիտար կուլտի պարոնայք և տիկնայք փորձում են որոշակի քայլեր անել, ակնհայտ է։

Մենք արդեն տեսել ենք այնպիսի ստանդարտ շարփական ու մայդանական ակցիաներ, ինչպիսիք են «խաղաղ» նստացույցերն ու պիկետները, ավտոերթերն ու «տիտուշկաների կողմից բռնության դրվագները», իսկ հիմա բաց տեքստով իրազեկվում է հաջորդ սցենարը՝ հանրության սևեռված ուշադրության կենտրոնում մի ակցիայի անցկացում, որը մեծ հավանականությամբ կբերի բաց բախման ոստիկանության ու Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստների միջև։ Անոլոգիան արդեն իսկ ակնհայտ է. ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, որը կկրկնի իսկական Մայդանի նախաբան դարձած ակտիվիստների զանգվածային ծեծը Կիևում։

Սակայն այս ամենում կան զուտ հայկական ու հայաստանյան մի շարք նյուանսներ, որոնք ի սկզբանե դատապարտում են ձախողման Սեֆիլյանենց խլվլոցը։

1. Հայաստանն Ուկրաինա չէ, հայերն էլ ուկրաինացի չեն։ Ուստի Ուկրաինայում և ուկրաինացիների վրա աշխատած քաղտեխնոլոգիաների նույնությամբ կրկնությունը մեզ մոտ բնավ չի երաշխավորում նույն արդյունքները։

2. Ուկրաինական Մայդանում հսկայական դեր ունեցան արտաքին ֆինանսական ու քաղաքական աջակցությունը, ինչպես նաև ներուկրաինական քաղաքական ու օլիգարխիկ ուժերի ներգրավվածությունը։ Հայաստանում նման բան չկա, անգամ մոտավոր։ Ոչ Նուլանդն է Սեֆիլյանենց պեչենիների դիետայի վրա պահում, ոչ էլ ինչ-որ տեղական օլիգարխ է ստանձնել ֆինանսական ծախսերը հոգալու պարտականությունը։

3. Հիմնադիր խորհրդարանը, անկախ նրանից, թե ինչ կարծիքի են դրա ներկայացուցիչներն իրենց ժողովրդականության մասին, չունի ժողովրդական լայն մասսաների աջակցություն, իսկ, օրինակ, նույն Ուկրաինայում մայդան դուրս եկած քաղաքական 3 ուժերն ուկրաինական պառլամենտի գրեթե կեսը զբաղեցնող էլեկտորատ ունեցող քաղաքական կուսակցություններ էին, որոնց միացել էր արևմտամետ գրանտերով գոյատևող հասարակական կազմակերպությունների զգալի մասը՝ իրենց ակտիվով։

4. Իսկական Մայդանում կային շատ հստակ ներքին հիերարխիա, դերերի ու աշխատանքի բաժանում, կոորդինացիա ու պրոֆեսիոնալներ, ովքեր երկար ու լիարժեք պատրաստություն էին անցել տարբեր երկրներում և էսկալացիայի փուլում նրանք հաջողությամբ դիմակայում էին ոչ միայն պրոիշխանական ներկայացուցիչներին, այլև ոստիկանական զորքերին։ Հիմնադիր խորհրդարանում չկարողացան անգամ Լֆիկի բերած անատամ կանանց գումարտակին դիմակայել, ուր մնաց թե կարողանան քիչ թե շատ արդյունավետ հակադրվեն Ոստիկանությանը, եթե հանկարծ որոշում լինի նրանց ցրելու։

Իրականում էլի շատ նյուանսներ կարող եմ բերել, բայց, կարծում եմ, այսքանն էլ հերիք է՝ ընդհանուր պատկերը հասկանալու համար։ Մնում է միայն նկարագրել, թե ինչ են ակնկալում Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին։

Պարոնայք ռեժիմափոխները պնդում են, որ ընտրել են հենց այդ օրը, որպեսզի ճանապարհները չփակեն ու էլի ինչ-որ անհեթեթ պատճառներ են բերում։ Իրականում հաշվարկն առավել քան հստակ է. այդ օրը Հայաստանի վրա սևեռված է լինելու ողջ աշխարհի ուշադրությունը, իսկ ցանկացած իրադարձություն լուսաբանվելու է ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից։ Ելնելով դրանից, Սեֆիլյանիստները պլանավորում են ամեն գնով հասնել նրան, որ ոստիկանությունն իրենց նկատմամբ ուժ կիրառի, և դրանից իրենք սկսեն ասիմետրիկ ղալմաղալ բարձրացնել, ինչպես դա եղավ Բերձորի բախման պարագայում։ Արդյունքում, նրանք ոչ թե իշխանափոխություն են ակնկալում, այլ մեծ ռեզոնանս ու դրանից բխող տարատեսակ աջակցության, այդ թվում նաև նյութական աջակցության կտրուկ ավելացում։

Այ սա արդեն բավականին իրատեսական է, որովհետև մեր ընդդիմադիր դաշտում գոյացած վակուումի պարագայում նույնիսկ Հիմնադիր խորհրդարանի պես մարգինալ ու ոչ ռեպրեզենտատիվ ուժը կարող է արմատներ գցել ու ամրանալ՝ այլ առաջարկների բացակայության և հնչեղություն ունեցող սադրիչ գործողությունների արդյունքում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել