Արտագաղթի հիմնական պատճառներից` սոցիալական անարդարությունից, ծանր տնտեսական վիճակից, քաղաքական լճացումից զատ` գոյություն ունի նաև մեկ այլ պատճառ, որը վերաբերվում է հատկապես մեր հասարակության արարող հատվածին, ովքեր կյանքին վերաբերվում են ոչ թե որպես սպառման համար նախատեսված ժամանակահատվածի, այլ որպես ինչ-որ նորը ստեղծելու, հաղթահարելու, զարգանալու և կատարելագործվելու ընթացքի: Այդ պատճառը մեր հասարակության` անհատականություն խեղդող մթնոլորտն է:
Ինչ-որ մի բան արարելու, զարգանալու, կատարելագործվելու համար հարկավոր է հոգեկան ներքին խաղաղ վիճակ և անդորր: Հոգեկան խաղաղությունն էլ առաջին հերթին բխում է անձնական տարածության անձեռնմխելիությունից, երբ հնարավորություն կա մեկուսանալու, խորհելու, ինքդ քեզ հետ խոսելու: Բայց մենք սովոր չենք անձնական տարածության անձեռնմխելիությանը: Մենք ապրում ենք բոլորի, բոլորն էլ` մեր կյանքով: Մեծ հաշվով չկա անծանոթի հետ վարվեցողության համապատասխան մշակույթ: Երթուղայինի վարորդը ուղևորների հետ շփվում է այնպես, կարծես իր կնոջ հետ է շփվում, ոստիկանը կարող է քաղաքացուն դիմել «ապեր»-ով կամ «քուր ջան»-ով, ուսանողության մի ստվար հատվածը համալսարանը շփոթում է ակումբի հետ, իսկ հարևանն ընդհանրապես կարող է հավակնել խոստովանահոր կոչմանը, քանզի գրեթե ամեն ինչ գիտի քո մասին: Ու որպես կանոն` այս բոլոր «անծանոթային» շփումներն ուղեկցվում են դեմքի նամռոտ արտահայտությամբ: Ամեն մեկն իր կյանքի ողջ դառնությունը հրամցնում է քեզ՝ կամ վախենալով պարզապես ժպտալուց (մեզ մոտ ժպիտն «անլուրջ մարդու» վառ վկայություն է), կամ էլ ենթագիտակցաբար խղճահարություն առաջացնելու մոլուցքից (մեզ մոտ տառապանքը բրենդ է): Պոտենցիալ արարող մարդը համատարած տխրության պարտադրանքի պայմաններում տխրելուց բացի ոչինչ չի կարող անել, ուստի բռնում է տխրությունից, հոգնածությունից, միապաղաղությունից փախուստի ճանապարհը:

Հ.Գ. Կարճ ասած` կամ ժպտացեք (դա ամոթ բան չի), կամ էլ հանգիստ թողեք անծանոթներին, նրանք մեղավոր չեն ձեր անհաջողությունների համար և, վերջիվերջո, նրանք էլ են մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել