10 ամիս առաջ սրտի վիրահատության էի ենթարկվել:
Երեկ հերթական բուժզննությունների օրն էր:
Հավանաբար գարնանային սրացումների հետ էր կապված, որ հիվանդանոցում ահավոր հերթ էր գոյացել: Միջանցքում կանգնելու տեղ անգամ չկար:
Եվ առաջին անգամ ուշադրություն դարձրեցի դիմացի պատին փակցված, մեծ տառերով ցուցանակին, որի վրա գրված էր, որ պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին սպասարկում են արտահերթ:
Քանի որ ահավոր հերթ էր, իսկ ես էլ դեռ պիտի հասցնեի վերադառնալ Շիրակի մարզ, կյանքում առաջին անգամ որոշեցի օգտվել պետության կողմից ինձ տրված արտոնություններից:
Փաստաթղթերն ընդունողին ներկայացրեցի ՀՀ ՊՆ-ի կողմից տրված Արցախյան պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամության տեղեկանքը:
Նա երկար կարդաց տեղեկանքը, նորից նայեց պատի ցուցանակին և ասաց.
— Սա ձեզ չի՛ վերաբերում:
— Այսի՞նքն:
— Դե՛ որ ասում եմ, ուրեմն չի՛ վերաբերում:
— Ստացվո՞ւմ է , որ մենք սխա՞լ կողմից ենք կռվել,-կատակեցի ես:
— Չէ, վերաբերում է միայն, էն ո՞նց էին ասում, հա, էն ՄԵՐ Հայրենական պատերազմի մասնակիցներին:
— Լավ, բայց ինչո՞ւ այդքան խտրական վերաբերմունք, բա՞ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցնե՞րը,-նորից կատակով հարցրեցի ես:
— Չգիտեմ:
Հարցս ուղղում եմ առողջապահության ոլորտի չինովնիկներին՝
Բա՞ ռուս-պարսկական պատերազմի մասնակիցները: (Ո՞ւր է նայում Զորի Մագելանիչը):
Ո՞րն է նման ցուցանակների իմաստը:
Կամ գոնե ներքևում թեկուզ փոքր տառերով գրեք, որ սա Արցախյան պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին չի վերաբերում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել