Մեր հարևան Վրաստանում ազգային արժույթի արժեզրկման հանգամանքն ազդեց այդ երկրում տարբեր ոլորտների գնային քաղաքականության վրա: Շատ ապրանքների և ծառայությունների գները զգալի չափով բարձրացան: Ըստ այդմ գների թանկացում տեղի ունեցավ նաև հաղորդակցության, մասնավորապես՝ ինտերնետ ծառայությունների բնագավառում:

Վրաստանի քաղաքացիներն արդեն սկսել են դժգոհել նշված փաստից: Շատերը համաձայն են, որ գուցե գների ավելացումն անխուսափելի էր, սակայն, նույն ժամանակ վրդովմունք են արտահայտում, որ դրան զուգահեռ պետք է նաև ինտերնետ կապի որակը բարելավվեր: Այնինչ, ըստ օգտատերերի, գները չեն համապատասխանում որակային ցուցանիշներին:

Ի դեպ, Վրաստանում գործում է ինտերնետ ծառայություններ առաջարկող և մատուցող երկու հիմնական ընկերություն, որոնք, ըստ բնակիչների, կարող են պայմանավորվածություն ունենալ գների բարձրացման հարցում: Ուստի վերջիններս գտնում են, որ անհրաժեշտ է, որպեսզի տվյալ շուկան համալրվի այլ օպերատորներով, որպեսզի հնարավոր լինի խուսափել անցանկալի և բացասական երևույթներից:

Իսկ ինտերնետ ծառայությունների արժեքը բարձրացել է 3-ից 6 լարիով, այն է՝ 700-ից 1400 դրամով: Ինչպես նշում են նշված ծառայություններից օգտվողները, ներկայում ինտերնետ ծառայության նվազագույն ամենամսյա արժեքը կազմում է 6-ից 7000 դրամին համարժեք լարի՝ 10 ՄԲ-անոց փաթեթի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել