Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով ՀՀ գյուղնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկը և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն պատրաստվում են կառուցել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ջրագիծը, ինչը մեծ իրարանցում է առաջացրել Գառնի գյուղում` գառնեցիները մտավախություն ունեն, որ նոր կառուցվելիք ջրագիծն ամայացման կենթարկի համայնքի 700-800 հա տարածություն: Ջրագծի կառուցումը կանխելու համար գյուղի բնակիչները նախաձեռնել են ստորագրահավաք և բաց նամակով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին: Ծանոթանալով համայնքի բնակիչների կողմից տարածված բաց նամակին և ջրագծի կառուցման այլ մանրամասների` օրեր առաջ հեռախոսազրույց ունեցա Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ: Գյուղապետ Վարդանյանը, ջանք ու եռանդ չխնայելով, փորձեց ներկայացնել ջրագծի կառուցման անհրաժեշտությունը, հավաստեց, որ Գառնիի հողատարածքների ջրազրկման հավանականությունը չի մեծանում, և որ գյուղի համար իրականացվելու են բազմաթիվ սոցիալական ծրագրեր: Գյուղապետ Վարդանյանն, իմ խնդրանքին իբր ընդառաջելով, խոստացավ տրամադրել նաև իր խոսքերը հավաստող փաստաթղթերի պատճեները: Ըստ մեր պայմանավորվածության` ես ուղարկեցի իմ էլեկտրոնային հասցեն, հաջորդ իսկ օրը Վարդանյանը մեկ անգամ ևս խոստացավ ի կատար ածել տրված խոստումը` պատճառաբանելով, թե մոռացել էր դրա մասին: Մոտ մեկ շաբաթ չստանալով խոստացված փաստաթղթերի պատճենները` մեկ անգամ ևս կապ հաստատեցի հիշողության հետ խնդիրներ ունեցող պարոն գյուղապետի հետ, ով վրդովված պատասխանեց, որ Քաղցրաշենի ջրագծի կառուցումը գտնվում է, իր իսկ խոսքերով, մեռած վիճակում, ապա հավելեց, որ խոստացած փաստաթղթերի պատճենները չի տալու, և «Երևանում նստածների» հետ չի խոսում` առաջարկելով հանդիպել գյուղապետարանում: 
Իր թագավորից վերջերս հրաժարված Աշոտ Վարդանյանի պահվածքը հարիր չէ ոչ համայնքի ղեկավարին, ոչ էլ բարեկիրթ անձնավորությանը: Գյուղապետ Վարդանյանն ավելի լավ կանի՝ զբաղվի գյուղի աղբահանման խնդիրներով, չէ՞ որ Հայաստան այցելող ամեն մի զբոսաշրջիկ այցելում է Գառնու տաճար կամ էլ համագյուղացիներին մտահոգող խնդիրներին տա այնպիսի լուծումներ, որ նրանք ստիպված չլինեն դիմել Հանրապետության նախագահին: Եվ որքան էլ աշոտվարդանյանները խուսափեն թափանցիկ գործելաոճից, միևնույնն է` թափանցիկ գոծելաոճը հետապնդելու է նրանց:
Հ.Գ. Գյուղապետի նման պահվածքին դժվար հարկ համարեի անդրադառնալ, եթե, իհարկե, չլինեին այն բնապահպանական խնդիրները, որոնց մասին արդեն նշեցի:

Բաբկեն Հարությունյան, civilvoice ՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել