Մինչ Արևմուտքում վերջին տարիներին զբաղված էին իրանական միջուկային ցենտրիֆուգները հաշվելով և Մերձավոր Արևելքում ստեղծված քաոսի անհաջող կառավարմամբ, իրանական ազդեցությունը տարածաշրջանում աննախադեպ կերպով աճել է՝ հասնելով առնվազն Իսլամական հեղափոխությունից հետո իր պատմական բարձրակետին:

Որպես սեփական գերակայության անդրասահմանային տարածման ունիվերսալ և կարևորագույն լծակ՝ շիայական գաղափարախոսությունը հնարավորություն է ընձեռնել Թեհրանին ակտիվորեն մուտք գործելու նույնիսկ այնպիսի «սրբության սրբոց», ինչպիսին Արաբական թերակղզին է, և ստեղծելու լուրջ գլխացավանքներ տարածաշրջանում իր արաբ մրցակիցների համար՝ նրանց փաստացիորեն ներքաշելով անկանխատեսելի ելքով պատերազմի մեջ Եմենում՝ հընթացս լրջորեն նյարդայնացնելով նաև Թուրքիայի ջղագրգիռ նախագահին, որի երկրի դեմ, ի դեպ, իրանցիները դեռևս չեն գործածել այնպիսի կարևոր մի հաղթաթուղթ, ինչպիսին բազմամիլիոն թուրքական ալևիների գործոնն է:

Այս առումով փաստացիորեն տեղի է ունեցել մի «աննկատ», սակայն խիստ կարևոր փոփոխություն. իրանական միջուկային ցենտրիֆուգները հաշվելու փոխարեն այժմ եկել են ժամանակներ, երբ անհրաժեշտ է հաշվել այն մերձավորարևելյան երկրները, որտեղ Իրանն արդեն իսկ ունի զգալի ազդեցություն և գերակա դիրքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել