Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի շահերից չի բխում Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ երկու պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը` անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ նախնական հանդիպումների անցկացման վերաբերյալ տեղեկատվությանը:

«Ելնելով Ռուսաստանի տնտեսական շահերից, ես չեմ կարծում, որ հիմա հնարավոր է  ունենալ ազատ տնտեսական գոտի հատկապես այն երկրների հետ, որտեղ առաջին անհրաժեշտության, թեթև արդյունաբերության ապրանքներն էապես ավելի էժան են արտադրվում, քան Ռուսաստանում»,-ասաց նա և նկատեց, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պատճառներից մեկը նաև պաշտպանելն է այն ապրանքների ներքին շուկան, որոնց արտադրության հնարավորությունն առկա է Եվրասիական տնտեսական միության երկրներում:

«Երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանին ձեռք չի տալիս ազատ տնտեսական գոտի ստեղծել այն երկրների հետ, որտեղ Ռուսաստանը արտահանում է գազ, քանի որ կարող է վտանգ սպառնալ  30 տոկոս արտահանման մաքսատուրքին, ինչի արդյունքում կորուստը Ռուսաստանի համար կարող է գերազանցել տասը միլիարդ դոլարը: Բացի այդ, Ռուսաստանն իր թեթև արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը վնաս չի հասցնի»,-ասաց նա:

Տնտեսագետը չի կարծում, որ ելնելով Ռուսաստանի և ԵՏՄ-ի տնտեսական շահերից՝ դա կիրականացվի. «Ռուսաստանը կարող է գնալ ազատ տնտեսական գոտու  ստեղծման Վիետնամի,  Տաջիկստանի հետ ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Այսինքն՝ այն երկրների հետ, որի արդյունքում հատկապես իրենց թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության համար խոշոր վտանգներ չի սպասվի, և իրենց 30 տոկոս մաքսատուրքը կորցնելու վտանգ չի լինի»։

Աշոտ Թավադյանը գտնում է, որ ազատ գոտի ստեղծելը, ի տարբերություն Թուրքիայի, թեև ակնհայտ շահավետ չէ Ռուսաստանի համար, սակայն տնտեսական հարաբերությունների խորացումը կարող է նպաստել աբխազական երկաթուղու բացմանը, քանզի Թուրքիայի հետաքրքրությունը կմեծանա այդ երկաթուղու նկատմամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստան ներկրվող ապրանքներին, ապա  նա ասաց, որ չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման հավանականությունը չնչին է, բայց մրցակցային առումով Թուրքիայի ծավալները շատ ավելի մեծ են:

«Սակայն Եվրասիական տնտեսական միության պայմանագրի չորրորդ հոդվածում հստակ նշված են Եվրասիական տնտեսական միության նպատակները. միության նպատակներից է ԵՏՄ երկրների ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը»,-ասաց նա և նշեց, որ այդ առումով նպատակահարմար չէ այլ երկրներին մաքսատուրքերից ազատելը, առավել ևս, որ այդ կարգի համաձայնագիրը ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Թուրքիայի համար գլոբալ առումով որևէ հարց չի լուծի:

«Ես գտնում եմ, որ մեր տեղը՝ և՛ գյուղատնտեսական ապրանքների վերամշակման, և՛ թեթև արդյունաբերության, և՛ դեղագործության, նանոտեխնոլոգիաների, ռազմավարական ապրանքների առումով, կարող ենք գտնել, եթե համապատասխան կոոպերացիայի մեջ մտնենք Եվրասիական տնտեսական միության երկրների կառույցների հետ, մասնակցենք իրենց պետպատվերների մրցույթներին, ինչը նախատեսվում է: Երկրորդ, եթե մենք դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականության այնպիսի ճշգրտումներ անենք, որոնք հստակ կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը»,-ասաց նա և անհրաժեշտ համարեց  հակաճգնաժամային և արդյունաբերության զարգացման ծրագրեր ունենալ, որոնք նպաստավոր կլինեն արտահանման զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել