Շնորհավորում եմ հայկական ֆուտբոլի երկրպագուներին: Վերջապես ֆուտբոլից ոչինչ չհասկացող Շալանդը հրաժարական ներկայացրեց: Իմ համոզմամբ՝ այս հրաժարականը դեռևս պետք է լիներ ընկերական խաղերից և մասնավորապես դանիացիներից կրած պարտությունից հետո: Մի փոքր անդրադառնամ Շալանդի մարտավարությանը և գիտելիքներին: Անցկացրած պաշտոնական 4 խաղերում մեր ընտրանին չուներ խաղային ձեռագիր, չկար շարժառիթ, չկար համագործակցություն: Բացառությամբ դարպասային գծի մնացած բոլոր օղակներում մեզ մոտ իսպառ բացակայում էր համագործակցությունը: Շալանդը կազմն ընտրելիս առաջնորդվում էր անուններով: Մենք բազմաթիվ անգամներ տեսանք, թե ինչպես խաղային ժամանակ էին ստանում այն ֆուտբոլիստները, ովքեր իրենց ակումբներում գրեթե չէին խաղում: Վերջին խաղը խոսքերիս վառ ապացույցն է: Առաջին խաղակեսի միջնամասում զգացվեց, որ Մովսիսյանը խաղադաշտում բացի քայլելուց ոչինչ անել չի կարող, նույնը նաև Մարկոսը, Մանուչարյանը, Ղազարյանը: Հիմա խոսեմ փոփոխությունների մասին: Առաջին անգամ եմ տեսնում մի մարզչի, ով տեսնելով, որ իր ֆուտբոլիստներն ուժասպառ չեն կարողանում անգամ միջին գիծ հասնել, շարունակում է խաղալ առանց փոխարինման, իսկ ամենաչսպասված քայլն այն է, որ այդ մարզիչը չգիտի՝ ում է պետք փոխարինել և ինչպես կարգավորել խաղը փոփոխությունների միջոցով: Մասնավորապես Ալբանիայի հետ խաղում ինձ համար անընդունելի էր այն հանգամանքը, որ Կամո Հովհաննիսյանը մեկնարկային կազմում չէր, նույնը նաև Ասլանյանի մասին կարող եմ ասել: Շալանդը մամլո ասուլիսում նշեց, որ մեր ընտրանին փայլուն գործեց առաջին կեսում: Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ ֆուտբոլ դիտել են, միանշանակ կհակադարձեն Շալանդին: Այդտեղ ոչ առաջին և ոչ էլ երկրորդ խաղակեսում ֆուտբոլ չկար:
Բոլորիս մոտ հիասթափությունը մեծ է, բոլորս զայրացած ենք: Այս շրջափուլում մենք ուղակի պարտավոր էինք գոնե երրորդ հորիզոնականը գրավել, բայց այս անգամ ևս մեզ մնում է ասել ավանդական խոսքերը. մեր տղաներն ի զորու են մեծ հաղթանակներ կերտելու, մենք լավ խաղացինք, բայց պարտվեցինք..........
Ինձ համար ֆուտբոլում կարևորը լավ խաղալը կամ գեղեցիկ խաղալը չէ, ինձ համար առաջնայինը հաղթանակն է, երբեմն իտալացիներին քննադատում են իներտ ֆուտբոլի համար, բայց ես իսկապես հաճույք եմ ստանում, երբ դիտում եմ Իտալիայի հավաքականի խաղը, մարդիկ իրենց անհրաժեշտ արդյունքին հասնում են, և հենց դա է կարևոր ժամանակակից ֆուտբոլում: Հիմա մեր ընտրանին չունի գլխավոր մարզիչ, և եթե մենք պետք է մեր հավաքականի ղեկը նորից վստահենք կիսապրոֆեսիոնալ ինչ-որ մեկի, ապա վստահ եմ, մեզ համար այդպես էլ երազանք կմնա ինչ-որ մի մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը: Վստահ եմ՝ մեր հավաքականը պետք է վստահել մի միայն ուժեղագույն մարզչի՝ ի նկատի ունեմ համաշխարհային թոփ 10 մարզիչներից մեկին, այդ դեպքում մեր ընտրանին իրեն կդրսևորի ամենափայլուն կողմերով, և մեր հաղթանակները կհետևեն մեկը մյուսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել