Մոտենում է Մեծ Եղեռնի 100-ամյակը: Համապատասխան հանձնաժողովն արդեն հաստատել է այս կարևոր միջոցառման պաշտոնական նշանաբան-կարգախոսը՝ 

«Հիշում եմ և պահանջում»:

Մնում է պարզել, թե ի՞նչ ենք հիշում և ի՞նչ պահանջում… Եվ ումի՞ց:

Այսօրվա իրադրության վերաբերվող այս հարցերի պատասխանները մեծապես կախված են նրանից, թե ինչ ներկա և ապագա ենք մենք ուզում ունենալ որպես ժողովուրդ: 

Հայ ժողովուրդը ժամանակակից, «մրցունակ», գլոբալ էթնո-ՀԱՄԱՅՆՔ (Հայկական Աշխարհ) տեսնողները հիշում են օսմանյան աշխատասեր ու խաղաղ հայազգի շարքային քաղաքացիների և տաղանդավոր ու «մրցունակ», աշխարհի գլոբալ գործընթացներում ներառված, պոլսահայ մտավորականության դաժան ջարդը: Ջարդ, որը կարծես թե անհնար էր այն բանից հետո, երբ հայկական հարցը տեղափոխվել էր օսմանյան սահմանադրական բարեփոխումների հարթություն: Նրանք հպարտանում են պոլսահայ մտավորականներով որոնք վերջապես կարողացան, մի խումբ անհեռատես «արկածախնդիրների» մի կողմ մղելով, անբաժանելի մասը դառնալ միջազգային հանրության հովանու ներքո ընթացող սահմանադրական այդ գործընթացի: Այսօրվա հայ էթնո-համայնքը պահանջում է միջազգային հանրությունից, որ իրենից ներողություն խնդրեն՝ միաժամանակ խոստանալով ներել և պահանջում է փոխհատուցում՝ հասկացնել տալով, որ թանկ չի նստի, կբարիշենք:

Հայ ժողովրդի ապագան հասարակություն-ազգ-պետություն եռամիության մեջ տեսնողները հիշում են 19-20րդ դարերի ազգային-ազատագրական պայքարը, դրա հերոսներին և հետագայում այդ պայքարի ապաշնորհ կազմալուծումը օսմանյան սահմանադրական գործընթացում համաշխարհային պատերազմի նախօրեին: Նրանք ամաչում են, որ հայ մտավորականությունը և բուրժուազիան նախընտրեցին Պոլիսը, Թիֆլիսը և Բաքուն Վանին, Կարսին և Շուշիին: Նրանք պահանջում են իրենք իրենցից, որ նման բան էլ չկրկնվի, և երբեք չեն ների սեփական թուլությունը: Թուլությունն ընդհանրապես չի ներվում… Ուղղակի քաղաքակիրթ միջազգային հանրության մեջ այդպես է ընդունված: 

*

Ասում են, թե Սփյուռքը Ցեղասպանության հետևանքն է: Իրականում Ցեղասպանությանը սեփական հողում սփյուռքով, իրարից անջատ գաղութներով, համայնքով ապրելու հետևանքն է: Ցեղասպանությունը միայն ապացուցեց, որ համայնքային կյանքը ազգային պետությունների դարաշրջանում դատապարտված է:

Իհարկե, Ցեղասպանությունն ունի բազմաթիվ պատճառներ, այդ թվում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական, սակայն այն ամենը, ինչը կապված էր հայկական միջավայրի և առանձնահատկությունների հետ, ենթակա է վերաիմաստավորման, քանի որ անհնար է վերացնել Ցեղասպանության հետևանքները, եթե մենք՝ հայերս, չենք վերացրել Ցեղասպանության պատճառները:

Համայնքային համակարգը բացառում է որոշումների կայացման, պլանավորման, կազմակերպման, ռեսուրսների կուտակման և գործողությունների իրականացման մեկ միասնական կենտրոնի ձևավորումը: Նման հատվածային կյանքը բացառում է նաև լիարժեք քաղաքական կյանքի և մտքի ստեղծումը, ինչպես նաև միասնական կամքի արտահայտումը, իսկ պատմության բախտորոշ պահերին համազգային կամքի բացակայությունը նույնիսկ կայացած պետականություն ունեցող ժողովուրդների է ողբերգության բերում:

Հատվածայնությունը և այսպես կոչված ցանցայնությունը, ինչքանով էլ ունենան օբյեկտիվ, պատմականորեն ձևավորված հիմքեր և որոշ գործնական առավելություններ, բերում են հատվածների մոտ տարբեր արժեքների և հետևաբար ապագայի նկատմամբ տարբեր ծրագրերի, որոնք թելադրվում են տեղական գերակա համակարգերի կողմից: Փաստացի, ինչպես Ցեղասպանությունից առաջ, այժմ էլ հայ ժողովրդի տարբեր հատվածների և խմբերի տնտեսական և քաղաքական կապերը «դրսի»՝ արտաքին աշխարհի հետ զարգանում են ավելի արագ, քան այդ կապերը միմյանց և այսպիսով սեփական կենտրոնի հետ: Քանի մենք մրցում ենք այլ կենտրոնների հետ՝ որպես «մրցունակ» գլոբալ էթնոս, առանց սեփական ուժեղ կենտրոնի, միշտ պարտվելու ենք: Այդպես կորան պարսկահայ, հնդկահայ, հետագայում եգիպտահայ և պոլսահայ տնտեսական վերնախավերը: Փորձը ցույց է տալիս, որ մոսկվահայ և լոսահայ որոշ «մրցունակ» օջախների ապագան նույնպես, մեղմ ասած, երկար չի լինի:

Հայ ժողովուրդը 20-րդ դարի սկզբին չուներ նման ինքնակառավարվող միասնական կենտրոն, իսկ գոյություն ունեցող համայնքային կենտրոններն անընդունակ էին ոչ միայն նախագծերի պլանավորմանը և իրականացմանը, այլև մարտահրավերներին արագ և արդյունավետ արձագանքմանը։

Կենտրոնի ստեղծումը, այսինքն՝ ներքին կապերի սերտացումը և ինստիտուցիոնալ ձևավորումը միջոց է գլոբալ մարտահրավերներին պատասխանելու և նոր խոսք ասելու: Հակառակ դեպքում, եթե հատվածային, համայնքային կառուցվածքին վերաբերվող խնդիրների, մարտահրավերների աճի տեմպն ավելին է, քան կենտրոնի որոշումների կայացման և իրականացման ժամկետը, ապա կենտրոնը ոչ միայն կորցնում է իր կարգավորող կարգավիճակը և դերը, այլև ամբողջ համակարգը վերածվում է ընդամենը այլ գերակա համակարգերի ստեղծածի սպառողի և սպասարկողի:

Կենտրոնի գոյությունը չի բացառում համակարգի առանձին հատվածներում ցանցային տեխնոլոգիաների կիրառումը, սակայն ակնհայտ է, որ չհամակարգված, անտեր ցանցը շատ արագ դառնում է այլ համակարգերի հավելված:

*

Ֆրանսիայում կայացած դատավարության ժամանակ, կեղծ անձնագիր կրելու մեջ մեղադրվող Մոնթե Մելքոնյանը ասել է. 

- Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի հայկական չեն…

Այսպիսով, ինչպիսի՞ն պետք է լինի Սփյուռքի կապը ոչ թե վերացական, կենացների ու առասպելների Հայրենիքի հետ, այլ գլոբալ մարտահրավերներին դիմակայող ազգային պետություն Հայաստանի հետ:

Հայաստանի՝ Կենտրոն դառնալուն պես լոյալության հարցը Սփյուռքի համար կդառնա հիմնական: Եվ ուզենք թե չուզենք, կախված լոյալության աստիճանից, տարբեր է լինելու Կենտրոնի վերաբերմունքը Սփյուռքի տարբեր հատվածներին: Եթե դա Սփյուռքի պառակտում է, ապա վաղուց ուշացած պառակտում: Համայնքների ջոջերը, իհարկե, կուզենան շարունակել «կոմպլեմենտար» քաղաքականությունը գլոբալ էթնո-համայնքի ներսում՝ փորձելով համադրել շահերը, իսկ իրականում, պարզապես, հարսով փեսային լավություն անելով: Բայց բախտի բերմամբ տուն-տունիկ խաղալու ժամանակներն անվերադարձ անցել են, և ամեն հայ իր համար պետք է որոշի այն սահմանը, որից այն կողմ նա կարող է հավատարիմ մնալ կամ իր օտար անձնագրին, կամ Հայրենիքին: Այս տողերն ընթերցելիս շատերը կմտածեն, հավանաբար, թրքահայ համայնքի մասին, սակայն բոլոր համայնքներից դա երևի թե ամենաքիչ խնդրահարույց համայնքն է: Թուրքահայերի ճնշող մեծամասնությունն իրենց ընտրությունը վաղուց կատարել են: Ընտրություն է սպասվում Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներից: 1980-ական թթ. Հայ երիտասարդության հեղափոխական զարթոնքը և ֆրանսիական անվտանգության մարմինների կոշտ արձագանքը, գուցե, շատ հատուկենտ դեպք կարող են թվալ, բայց հստակ ցույց են տալիս, որ ծանր ընտրություն կատարելու պահը կարող է գալ ամեն վարկյան, ամենուրեք:

Ինչպես ասել է դասականներից մեկը՝ չիրականացած սպասելիքները բերում են ատելության: Այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում հենց չիրականացած սպասելիքներն են որոշիչ և թելադրող դեր խաղում: Տեղ-տեղ դրանք արդեն բերել են ատելության, և ահա եկել է կանգ առնելու պահը: Հայաստանի Հանրապետության հանդեպ հավատարմության հարցը Սփյուռքում և Հայաստանին հավատարիմ հայրենակիցներին ամեն գնով օժանդակելու և սատար կանգնելու հարցը Հայաստանում պահանջում են հիմնավոր վերաիմաստավորում: Հայաստանում այդ հարցը առարկա է թե՛ պետական քաղաքականության վերանայման, թե՛ բնակչության գիտակցության փոփոխության, որը, ցավոք, նույնպես բավականաչափ անբարյացկամ է «ախպարների» հանդեպ: Սփյուռքում այս հարցը կարող է դրվել միմիայն անձի առաջ, և ոչ մի սփյուռքյան կառույց երբեք չպետք է անդրադառնա Հայաստանի Հանրապետությանը հավատարմության հարցին: Սփյուռքյան կառույցի համար չկա այլընտրանք, և որոշումը միշտ նույնն է լինելու՝ լինել հավատարիմ օտար գերակա համակարգին: Սակայն ամեն հայ անհատ պարտավոր է իր և իր ընտանիքի համար պատասխանելու այդ հարցին:

*

Հայրենիքում որպես Սփյուռք ապրելու հետևանքով 1914 թվականին ՀՅԴ նորոշեց, որ պատերազմի դեպքում Թուրքիայում և Ռուսաստանում ապրող հայերը պետք է կատարեն իրենց պարտքն այն պետության նկատմամբ, որի հպատակներն են: Այսօր հայ ժողովուրդը կանգնած է ավելի ծանր փորձությունների առաջ, և ամեն ինչ կախված է նրանից, թե կունենա արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ծրագրեր, և կկարողանան արդյո՞ք իր շուրջը միավորել աշխարհասփյուռ հայության գոնե մեկ երրորդին: Իսկ ի՞նչը կարող է միավորել մարդկանց: Զուտ հայրենասիրությո՞ւնը: Չուզենալով մեղադրել որևէ մեկին՝ պետք է նշենք որ Արցախյան պատերազմի տարիներին ծանր որոշման առաջ հայտնված Սփյուռքի հարյուր հազարավոր հայրենասերներից հարյուրները միացան զինված պայքարին: 25 տարվա մեջ հայրենասիրական ոգևորության աստիճանը զգալիորեն իջել է: Ուրեմն ի՞նչը կբերի մարդկանց Հայրենիք: Հայաստանը կարող է դառնալ գրավիչ միմիայն այն դեպքում, եթե կարողանա ստեղծել համաշխարհային մարտահրավերներին դիմակայող նոր տիպի հասարակություն, պետություն և քաղաքացի, այն է՝ Հայաստանը վերածել համազգային բացարձակ Կենտրոնի և դառնալ ժամանակակից քաղաքական ազգ:
Թե Սփյուռքի, թե Հայաստանի ներկայիս վերնախավերը անընդունակ են լուծել այս խնդիրը քանի որ պատրաստ չեն իրենց վրա կրել դրա ռիսկերն ու նյութական պատասխանատվությունը՝ բնականաբար չհրաժարվելով հնարավոր դիվիդենտներից: Այս էլիտար շուլերների մրցախաղի հիմքում ընկած է շատ պարզ «մեխանիզմ». ազգային վերնախավերի համար լեգիտիմության աղբյուր է ոչ թե հայ ժողովուրդը, այլ համաշխարհային հանրությունը: Մի՞թե սա չէր Մեծ Եղեռնի խորքային պատճառը:

Կասկածից վեր է, որ հայ ժողովուրդն ունակ է ծնելու այն գաղափարական միջուկը, որն իր շուրջը կձևավորի գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ռիսկերը և նյութական պատասխանատվությունը կրող վերնախավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել