Նոր տեսանյութեր՝ Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական հակակառավարական մի շարք խմբավորումների կողմից երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի համանուն վարչական կենտրոնը գրավելու վերաբերյալ: Այս ռազմագործողության շրջանակներում հատկապես էական դերակատարություն է ունեցել Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումը: Ինչպես արդեն նշվել է, սիրիական բանակային ստորաբաժանումները և «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» նահանջել են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող քաղաքից:
Իդլիբի անկման հնարավոր պատճառներից մեկն էլ այն է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ շրջանի կառավարական կայազորի մի զգալի հատվածը տեղափոխվել էր դեպի արևելք՝ տեղակայվելով Հալեպի հյուսիսային շրջաններում, որտեղ 2014թ. նոյեմբերից կառավարական ուժերը լայնամասշտաբ գրոհ էին նախաձեռնել՝ նահանգն ազատագրելու ուղղությամբ:
Հայերիս համար Սիրիայի հյուսիսում գրանցված վերջին ռազմագործողությունները կարևորվում են այն իրողությամբ, որ Իդլիբը կարևոր ռազմավարական հենակետի է վերածվում հետագայում դեպի արևելք՝ Հալեպի, իսկ որ շատ ավելի հավանական է՝ դեպի արևմուտք՝ Լաթակիայի դեմ (այս նահանգի հյուսիսում է գտնվում նաև հայաբնակ Քեսաբը), ընդդիմադիրների կողմից հնարավոր հարձակումների համար:
Ներկայացվող երկրորդ տեսանյութը պատերազմի զավեշտալի միջադեպերի շարքից է, երբ Իդլիբը գրաված զինյալների խրախճանքը «հարամ է լինում» անակնկալ հրթիռակոծության հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել