Պատմե՞մ ընկերոջս, թե՞ ոչYerevannews.am-ը գրում է․

Նրանց իրական անունները չեմ ուզում նշել, այդ պատճառով էլ պայմանականորեն կանվանեմ Արմեն և Աննա:

Արմենն ընկերս է, ում ճանաչում եմ 5-րդ դասարանից, երբ ընտանիքով տեղափոխվեցինք այլ թաղամաս, և ես սկսեցի հաճախել նոր դպրոց: Նոր դպրոց, նոր միջավայր. Ինձ համար դժվար էր նոր ընկերներ ձեռք բերել:

Արմենի հետ մտերմացա պատահաբար, երբ երկուսս էլ միարժամանակ ուշացել էինք դասղեկի դասից: Խիստ ուսուցչուհին երկուսիս դուրս հրավիրեց դասարանից՝ առանց որևէ բացատրություն լսելու: Դպրոցի միջանցքում, պատուհանի դիմաց կողք-կողքի լուռ կանգնած էիք ես ու Արմենը: Հանկարծ նա շրջվեց իմ կողմ և ժպտաց: Ես նույնպես ժպտացի: Վայրկյաններ անց Արմեն արդեն պատմում էր, որ սիրահարվել է զուգահեռ դասարանի Աննային ու շատ է ուզում շփվել հետը:

Զուգահեռ դասարանի Աննան այն Աննան է, ով տարիներ անց դարձավ Արմենի կինը:

Նրանց հարսանիքի ժամանակ ես խաչեղբայր էի: Հենց այնտեղ էլ ծանոթա իմ ապագա կնոջ հետ: Բայց պատմությունս ոչ թե իմ, այլ ընկերոջս և նրա կնոջ մասին է, ովքեր տարիների ընթացքում դարձել էին ինձ անչափ հարազատ մարդիկ:

Մի ատելի օր քայլում եմ Երևանի ծայրամասում գտնվող փողոցներից մեկով ու ականատեսը դառնում մի նողկալի տեսարանի. Աննան և մի անծանոթ տղամարդ դուրս են գալիս շենքի մուտքից, համբուրվելով մոտենում վերջինիս մեքենային, նստում ու շարունակում համբուրվել:

Հանկարծ Աննան շուռ է գալիս և նկատում ինձ:

Այդ դեպքից հետո շատ չի անցել, բայց ես և Աննան հասցրել ենք 2 անգամ հանդիպել, և մեր տանը, երբ Արմենի հետ հյուր էին եկել, և՝ իրենց:

Առաջին հանդիպման ժամանակ ո՛չ ես, ոչ էլ Աննան ոչ մի բառ չփոխանակեցինք: Իսկ երկրորդ հանդիպումը նրանց տանն էր, երբ որոշել էի գնալ, ամեն ինչ պատմել Արմենին և խայտառակել կնոջը: Սակայն չստացվեց: Ես տեսա երջանիկ ընկերոջս և նախորոք ձեռք բերված համարձակությունս կտրուկ զրոյացավ: Հիմա ես չգիտեմ ի՞նչ անել: Պատմե՞լ ընկերոջս՝ կոտրելով նրա երջանկությունը, թե՞ շարունակեմ լռել՝ դավաճան կնոջ զազրանքը կոկորդիս սեղմված: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել