Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն իր հուշերից մեկում աքսորվող հայերի մասին գրում է.

«Աղոթեցեք մեզ համար»,-ասում էին նրանք՝ հեռանալով իրենց օջախներից, որոնցում նրանց նախնիներն ապրել էին դեռևս մոտ 2500 տարի առաջ: «Այս աշխարհում մենք այլևս չենք տեսնի իրար, բայց երբևէ կհադիպենք: Աղոթեցեք մեզ համար»։

Այս մարդիկ չէին հասցրել ըմբռնել մի պարզ բան՝ աղոթելու համար խղճի ազատություն է հարկավոր: Նրանք խղճի ազատություն չունեին, թուրքերը խլել էին այն: Կրկին խղճի ազատություն ունենալու համար հարկավոր էր այն «ետ վերցնել» թուրքերից, որն անհնար էր, քանի որ անհեռատես մարդիկ, հավատալով օսմանցու դարավոր ստի շարունակությանը, առանց այն էլ սակավաթիվ զենքերը հանձնել էին կենտրոնական իշխանությանը: Այսպես նրանք զրկվեցին ոչ միայն իրենց Աստծուն աղոթելու հնարավորությունից, այլև զրկվեցին կյանքից ու պատվից, չնայած՝ առանց խղճի ազատության մարդն արդեն իսկ պատվազրկված է:

Հ.Գ Հայերի մոտ զենք փնտրելու ժամանակ թուրքերն այն աստիճան տանջանքների էին ենթարկում մարդկանց, որ, որոշ մարդիկ, ովքեր զենք չունեին, անհիմն մեղադրանքներից ու անասելի տանջանքներից ազատվելու համար մուսուլման հարևաններից զենք էին գնում և հանձնում իշխանությանը, որը պատճառ էր հանդիսանում հայերին «հեղափոխության» մեջ մեղադրելու համար: Ահա այս ժամանակ սկսվում էին իսկական տանջանքները, ավելի ճիշտ՝ կտտանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել