Ներքաղաքական զարգացումները մտնում են նոր փուլ, որն իրենից ներկայացնում է «ներքաղաքական պաուզա» կամ «թայմ աութ»` պայմանավորված Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներով: Սպասվում է, որ գալիք ապրիլ ամիսը աչքի է ընկնելու քաղաքական ուժերի գործողությունների պասիվությամբ:

ՀԱԿ-ը մինչև ապրիլին 24-ը դադարեցրեց իր ակտիվ քաղաքական գործունեությունը, և ինչպես հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դաշտը թողեցին մյուս ընդդիմադիրներին: ԲՀԿ-ն փորձում է ուշքի գալ վերջին իրադարձություններից հետո: Իսկ ժառանգությունում ակտիվ պրոցեսներ են ընթանում` իրենց հետագա դերակատարությունը ստանձնելու հարցի հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է մյուս, պակաս ազդեցիկ ընդդիմադիր ուժերին, ապա նրանք ժամանակը փորձում են օգտագործել իրենց դիրքերն ամրապնդելու համար:

Եթե համակարգային առումով վերլուծենք ներղաքաղաքական պրոցեսների պարբերացումը, ապա կտեսնենք, որ ներհայաստանյան քաղաքական կյանքի զարգացումը պարբերաբար կրկնվում է` բաժանվելով պասիվ և դրան հաջորդող ակտիվ քաղաքական գործընթացների փուլերի, սակայն քաղաքական խնդիրների էությունն այդպես էլ չի փոխվում, իսկ քաղաքական համակարգը դեռևս ձևավորման փուլում է, քանի որ քաղաքական համակարգի շրջանակներում այդպես էլ համակարգային ընդդիմություն չի ձևավորվել, այսինքն` անընդհատ տեղի է ունենում ընդդիմադիր ուժերի հերթափոխ:

Այսպես` եթե 2014թ-ի գարնանը հիմնական ընդդիմադիր գործառույթն իրականացնում էր քառյակը` որպես յուրահատուկ ձևաչափ, և իր քաղաքականությունը կառուցում 12 կետերի շուրջ, ապա ամառային քաղաքական ընդմիջումից հետո այդ գործառույթը սկսեց իրականացնել եռյակը հանրահավաքային պայքարի համատեքստում, բայց սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակավոր դադարի փուլից հետո փետրվարյան մեկնարկով եռյակը փլուզվեց, և ընդդիմադիր դաշտում տեղ գտավ ուժերի խայտաբղետությունը, իսկ առջևում ապրիլյան պասիվությունն է:

Այնուամենայնիվ, ինչպես նախանշում է մեր երկրի քաղաքական զարգացումների էվոլուցիան, ապրիլյան քաղաքական պաուզայից հետո սկսվելու է ներքաղաքական բուռն զարգացումների փուլը: Սպասվում են նոր վերադասավորումներ, սահմանադրական փոփոխությունների գործընթացի արագացում, նոր խմորումներ ընդդիմադիր դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել