Ավարտվել է հետխորհրդային տարածքից հավաքված սուպերհերոսների թիմի մասին պատմող  «Պահապանները» ֆանտաստիկ մարտաֆիլմի բաց քասթինգի փուլը։ Այժմ հայտնի է, թե ովքեր են խաղալու մարդ-գազան Արսուսի, քարերի ուժը կառավարող Լեռի, քամու արագությամբ շարժվող Հանի ու այլ հերոսների դերերը։

«Պահապանները» կպատմեն սուպերհերոսի թիմի մասին, որոնց Սառը պատերազմի տարիներին ստեղծել են «Պատրիոտ» գաղտնի կազմակերպությունում ԽՍՀՄ տարբեր ազգությունների ներկայացուցիչներից։ Նրանցից յուրաքանչյուրն իր մեջ ներառել է իր ազգի ամենաուժեղ որակները, ու երկրի համար բարդ ժամանակահատվածում հանգստի անցած հերոսները ստիպված են կրկին կանգնել իրենց հայրենիքի պաշտպանությանը։

Ֆիլմի ստեղծողները որոշել են գլխավոր դերերը վստահել երիտասարդ ու քիչ հայտնի դերասանների։ Բաց միջազգային քասթինգը հայտարարվեց աշնանը, ու դրան կարող էր մասնակցել յուրաքանչյուր ցանկացող։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 7000 դերասանական ռեզյումե, և երկու փուլանոց առերես քասթինգի միջոցով ընտրվել են 4 սուպերհերոսների ու գլխավոր չարագործի կերպարներին համապատասխանող թեկնածուներ։

«Ալեքսանդր. Նևայի ճակատամարտը» ֆիլմից մեզ հայտնի Անտոն Պամպուշնին կխաղա Արսուսի դերը, ով գերմարդկային ուժ ունեցող հերոս է և ըստ անհրաժեշտության կարողանում է գնդացրով զինված արջի վերածվել։

«Ինձ դուր են գալիս այն գաղափարները, որոնք ծագում են գլխումդ՝ շնորհիվ սուրպերհերոսների քաջ արարքների։ Դրանք ոգեշնչում են, որ կանգնես բարու կողմը, փրկես աշխարհը, հույս ներշնչես։ Արդյոք դա զիլ չէ՞», - պատմում է Անտոնը։

Սանժար Մադիևը խաղալու է սուպերհերոս Հանին, ով մարմնավորելու է Ասիան ու հիանալի տիրապետում է սառը զենքին և տարատեսակ մարտարվեստների։

«Ինչպես ցանկացած տղա երեխա, մանուկ ժամանակ ես ինձ երևակայում էի ինչ-որ սուպերհերոսի կարգավիճակում, բայց երբեք չէի ենթադրի, որ ինքս մի օր կդառնամ այսպիսին, - խոստովանում է Սանժարը, - Ես դիտել եմ կոմիքսների հիման վրա նկարահանված բոլոր ֆիլմերն ու մուլտֆիլմերը, որոնք հնարավոր է գտնել, ու չեմ դադարում դիտել դրանք առ այսօր։ Դրանք ոգեշնչում են ու հույս են ներշնչում»։

Սեբաստիան Սիսակ-Գրիգորյանը կխաղա Լեռի դերում, ով թիմում ներկայացնելու է Կովկասը։ Այս հերոսի սուպերունակությունները թույլ են տալիս նրան կառավարել երկրի տարերքը։ Սեբաստիանի համար սա կլինի առաջին դերը ռուսական կինոյում, չնայած որ նա դերասանական փորձ, այնուամենայնիվ, ունի։

«Ես ապրում եմ Ֆրանսիայում, աշխատում եմ ֆրանսիական թատրոնում, նկարահանվում եմ ֆրանսիական ֆիլմերում ու անկեղծորեն խոստովանեմ՝ միջնաժամկետ հեռանկարներում չէի դիտարկում ռուսական կինոյում աշխատելու տարբերակը։ Սակայն երբ ես առնչվեցի քասթինգի հայտարարության հետ, որտեղ ասվում էր. «Եթե Դուք Ձեր ազգի վառ ներկայացուցիչ եք, եթե Դուք Ձեզ հերոս եք զգում...», ես հասկացա, որ ճակատագրից չես փախչի»,-ասել է Սեբաստիանը։

Սուպերհերոսների թիմում կլինի նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։ Քսենիան (Ալինա Լանինան) կառավարում է ջրային տարերքը ու կարող է լողալ ցանկացած հեռավորությունների վրա։

«Այս ժանրում մենք պիոներներ ենք ռուսական հողի վրա,-ասել է Քսենիան,- անխուսափելի են լինելու Հոլիվուդի հետ համեմատությունները։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք մեր համն ու հոտը մտցնել ֆիլմի մեջ, որը կգրավի հանդիսատեսին, ու այդ բոլոր համեմատությունները կցնդեն։ Մենք ռիսկի ենք գնում, ու դա ոգևորում է: Եթե չփորձենք, ապա երբեք առաջ չենք շարժվի»։

«Պատրիոտ» գաղտնի գործակալության ղեկավարի դերը կխաղա Վալերիա Շկիրանդոն, իսկ սուպերհերոսների կուրսացիայով զբաղվող գեներալ-մայոր Նիկոլայ Դոլգովին կմարմնավորի Վյաչեսլավ Ռազբեգաևը։ Դե իսկ ֆիլմի գխավոր չարագործի՝ Ավգուստ Կուրատովի դերում, ով փորձում է կլոնների բանակ ստեղծել և գրավել Մոսկվան ու աշխարհը, մենք կտեսնենք Ստանիսլավ Շիրինին։

Սպասվում է, որ «Պահապանների» նկարահանումները կմեկնարկեն ապրիլի 27-ին, իսկ ֆիլմը կթողարկվի արդեն 2016 թվականին։ Հեղինակները հույս ունեն, որ ֆիլմը կվերաճի լիարժեք ֆրանշիզայի, որում հանդես կգան հետխորհրդային տարածքը բնակեցնող այլ ազգերի ներկայացուցիչ սուպերհերոսներ, ինչպես նաև սփին-օֆֆներ կնկարահանվեն առանձին պերսոնաժների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել