Մենք սովոր ենք մեզ պատուհասած իրավիճակները բարդել մեր բախտին՝ դե, հայի բախտ է էլի՜ :
2008 թվականից մեր ժողովրդի, առանց չափազանցնելու, լավագույն հատվածը դուրս եկավ փողոց: Այսօրվա պես հիշում եմ՝ շատերն էին, ես կասեի՝ հազարավորները, որ բառացի ասում էին հետևյալը՝ մենք Լևոնին չենք ուզում, բայց այս անարդար իրավիճակից դուրս գալ է պետք, դրա համար ենք հրապարակ եկել: Ու ժողովրդի էդ ծով հավատը նորից ոտնատակ տվեցին, որովհետև առաջնորդը մինչև վերջ գնալու քաջություն չունեցավ: Հիմա, իմ ասածը դուր գա, դուր չգա՝ բացարձակ էական չէ: Առաջնորդը քաջություն չունեցավ մինչև վերջ գնալու: Չնայած, ա-ն ասող ժողովուրդը, բ-ն էլ ասաց, շարունակեց փողոցներում անձրևին ու ցրտին, արևին ու քամուն պայքարել, որպեսզի երկրում մարդն իրեն մարդ զգա: Մեր երկրից մարդիկ չեն հեռանում մի փոր հացի պատճառով, մեր երկրից հեռանում են Հայաստանի իշխողների ոչ սրտացավ, ինչ-որ տեղ նաև՝ թշնամական կեցվածքի պատճառով: 
Հիմա էլ ասածս կարող է հանրապետականներին դուր չգալ, բայց մեկ օր պիտի կարողանանք բոլորս, ինչպես ասում են, ծուռը նստել, դուզը խոսել: 
Ինձ համար, ինչպես յուրաքանչյուր նորմալ ստեղծագործողի, ամենամեծ մղձավանջը որևէ պաշտոն զբաղեցնելն է եղել ու կա: Ես ստեղծագործող մարդ եմ: Իմ աշխատանքը լրագրողի, հատկապես հեռուստատեսային իմ գործունեությունը բոլորի աչքի առջև է եղել, ես փորձել եմ ջերմացնել մթնոլորտը: Իմ յուրաքանչյուր հաղորդման միջոցով բարության ու դեպի արմատները գնացող միջավայր ստեղծել, որ կարողանանք ներել ու ինքնամաքրված առաջ գնալ, բայց արի ու տես, որ իշխողներին դա կարծես, թե չի հետաքրքրում: Մի հիմար սերիալ, մի անգրագետ հաղորդավար, մի ոչ հայեցի, այլանդակ արտահայտություն, մի քուչի երգիչներ, մի թաղի ընկեցիկներ, մի գեղցի միլիոնատերեր… էս ամբողջը, կարծես, պետական քաղաքականություն լինի, համենայն դեպս, ցավալիորեն, նախորդող տարիներին հակառակը չեմ տեսել: Իշխանություններն ինչ էլ արել են, չեն սպասել, որ իրենց արած լավը գնահատեն, ապականել են հենց իրենք՝ դեռ խմորվող գործն այնքան թմբկահարելով, որ զզվանքդ ակամայից սկսում է գալ, այնպես, ինչպես Ապրիլի 24-ը: Չգիտես՝ լաց լինես, թե ծիծաղես… ինչ-որ անմոռուկներով-բանով մի մեծ տոնի են վերածել, քիչ է մնում՝ հետույքներին էլ մի-մի անմոռուկ դաջեն. էլ ականջօղեր, էլ մատանիներ…
Փաստորեն ի՞նչ ստացվեց. մեկը դուրս եկավ փողոց, թե՝ մի երեք տարի ժամանակ տվեք ախոռները մաքրեմ, շուրջ բոլորն ախոռ սարքեց, մյուսն՝ ընդդիմացավ, թե՝ կսպանեմ, բայց չեմ տա, խոստացավ, որ նոր Հայաստան կկառուցի, փոխարենն անմոռուկացավ ենք կպել: 
Օրեր առաջ մի մամուլի ասուլիսի ականատես եղա: Կազմակերպիչները որոշել էին, որ ասուլիսն օտար լեզվով պիտի անցկացնեն՝ ռուսերեն: Եկել էին մեր երկիր, մեր տուն ու մեզ պարտադրում էին իրենց լեզուն, կազմակերպողն էլ, ոչ բարով, հայ էր: Երևի դրա համար ենք ցեղասպանվել 100 տարի առաջ: Մեր շատ փող ունեցող ու կճուճներով ոսկի հավաքող պապերը գերտերությունների հետ «ոռմտնոցի» են խաղացել, մինչև յաթաղանը սրբել-տարել է թե՛ իրենց, թե՛ մեր արդար ժողովրդին: Հաստատ, հայի բախտը կապ չունի: Կպցնել ենք սիրում. ասում ենք՝ գնանք արտասահման՝ կպցնենք, նստենք լավ գործի՝ կպցնենք, պատգամավոր ընտրենք՝ կպցնենք, կաթողիկոս ընտրենք՝ կպցնենք, ընդդիմադիր դառնանք՝ կպցնենք, սխալին ճիշտ ասենք՝ կպցնենք, ծոմ ու պաս պահենք՝ կպցնենք, օտարներին գովենք՝ կպցնենք, կպցնենք ու կպցնենք…
Տեսնես՝ երկրի ընդդիմությունն ու իշխանությունը վերջերս գոնե մեկ անգամ մտածել են այն մասին, թե ուր են գնում, ու մեկ էլ , որ էս երկրի սրտացավ մտածողն ու աշխատողն, ինչ է, թե իրենց չեն խոնարհվում, թողնեն գնան, ի՞նչ են կպցնելու: Չգիտեմ, սիրտս ցավում է: Իշխանությունը իշխանություն չի, ընդդիմությունն էլ՝ եթե ինքը չէ, ուրեմն՝ մնացածը քըխ են: 2008 թվականին աթոռակռվի պատճառով չմիացան, 2013 թվականին, նույն աթոռակռվի պատճառով, 2008-ի արշավողները չմիացան, և այ քեզ զարմանք, սրանց ոչ ոքին էս շիտակ ու ազնիվ ժողովուրդը չի հետաքրքրում: Վստահ եմ՝ շատերն են այսպես մտածում, շատերն են հիասթափված պարբերաբար հրեղեն ջորին նստած ու Հայաստանն ասպատակող գործիչներից: Հայրենիքը, պետականությունը, իրոք, վտանգված են: 
Եթե ավելի շոշափելի պատկերենք՝ Հայաստանը մի կին է, ում աջից, ձախից, վերևից, ու ներքևից հոշոտում են, ու սեփական որդիները մորը փրկելու ոչ մի քայլ չեն ձեռնարկում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել