Մեզ հասած փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են Ք.ա. 2‐րդ դարում, սակայն դրանց գրութիյունները հունատառ են, իսկ, ահա, առաջին հայերեն տառերով հայկական դրամը թողարկվել է 11‐րդ դարի երկրորդ կեսին: 988 թ‐ին Սմբատ Տիեզերակալ (977‐989 թթ.) Բագրատունի թագավորի հրամանով իր կրտսեր եղբայր Գուրգենին նշանակվում է Տաշիր‐ Ձորագետի թագավոր, որն ընդունելով իր եղբոր գերագահությունը իրեն հռչակում է Կյուրիկե անունով եւ հիմնադրում Կյուրիկյան թագավորությունը: Որպէս համերաշխության նշան Հաղպատի վանքի Ս. Նշան եկեղեցու արևելյան պատին տեղադրված է երկու եղբայրների բարձրաքանդակը: 996 թվականին Կյուրիկե Ա. թագավորի մահից հետո նրա գահն է բարձրանում Դավիթ Անհողինը, որը չենթարկվելով Բագրատունյաց թագավորությանը անկախ քաղաքականություն է վարում, որի պատճառով` ենթարկվում է Գագիկ Շահնշահ (989‐1020 թթ.) թագավորի պատժին` կորցնելով իր գահը, իսկ 1005 թվականին Դավիթ Անհողինը ներում ստանալով` վերականգնում է Կյուրիկյան թագավորությունը: Երբ 1045 թվականին Բյուզանդացիները կործանում են Անիի Բագրատունյաց թագավորությունը, Հայաստանի Ֆեդերացիայի դաշինքի գերագահությունը անցնում է Կյուրիկյան թագավորությանը, որը պահպանվում է մինչեւ 1113 թվականը: 1048 թվականին Դավիթ Անհողինի մահից հետո նրա իշխանությունը բաժանվում է երկու որդիների միջև: Լոռիի շրջանը անցնում է Կյուրիկե Բ թագաւորին, իսկ Կախեթի ամրոցը նրա շրջանով` կրտսեր որդուն` Գագիկ իշխանին: Կյուրիկե Բ թագավորը իր տարածքում իշխում է մինչև իր մահը` 1089 թվական` պահպանելով Հայաստանի անկախ հայ իշխանների ու թագավորների գերագահությունը, որի ժամանակ էլ թողարկվում է հայերեն գրությամբ առաջին հայկական դրամները, որոնցից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում: Կյուրիկե Բ թագավորի թողարկած դրամները պղնձից են` 3‐ից 8 գրամ կշռով, որոնք ըստ երևույթին, նման են Անի քաղաքում Կոստանդին Մոնամախ եւ Վասիլ Բ կայսրերի թողարկված բյուզանդական դրամներին (1045‐1064 թ.թ.): Դրամների Ա երեսը պատկերւած է Յիսուս Քրիստոսը` դիմացից, որի պատկերի երկու կողմում գրւած է “ՅՍ ՔՍ”, որը նշանակում է Յիսուս Քրիստոս, իսկ Բ երեսին գրված է ” + ՏՐ ՈԳ | ՆԷ ԿՈՐԻԿ | ԷԻ ԿՈՐԱ | ՊԱՂԱ | ՏԻՆ “, որը կարելի է կարդալ Տէր օգնէ Կիվրիկէ Կիվրապաղատին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել