Tert.am-ը գրում է․

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արդարացնելու և քննադատելու երևույթ չի տեսնում նրա մեջ, որ մի շարք դպրոցներում տնօրենի պաշտոնը դարձել է ժառանգական և  տնօրեն մայրերին փոխարինում են տնօրեն դուստերը։
Tert.am-ի հետ զրույցում Աշոտյանը նշեց, որ կարևորը տնօրենների ընտրության կարգն է,  և եթե անձն ընտրվել է խորհրդի անդամների կողմից, ուրեմն ոչ մի բացասական երևույթ այդտեղ չկա։

«Տնօրենների ընտրության կարգ գոյություն ունի, եթե հավակնորդներն ունեն համապատասխան մասնագիտական կրթություն, հանձնում են հավաստագրման քննությունները, ստանում են հավաստագիր, մասնակցում են մրցույթին, ապա ինձ համար երկրորդական, երրորդական և չորրորդական նշանակություն ունի,  թե ծագումնաբանության մեջ այդ մարդիկ ում ընտանիքի անդամ են»,-նշեց նա։

Նախարարն իր օրինակը բերեց՝ որպես մի մասնագիտության ներկայացուցիչ, որտեղ ժառանգականությունը արմատավորված է. «Իմ դեպքում բժշկական մասնագիտության մասին է խոսքը, ես բնական եմ համարում նաև այն հանգամանքը, որ ծնողները մանկուց կարող են ազդել երեխայի մասնագիտական  կողմնորոշման վրա, և շատ են այն երեխաները, որ ընտրում են ծնողներից մեկի մասնագիտությունը»։

Մեր դիտարկմանը, թե ըստ նախարարի՝ տնօրենը մասնագիտությու՞ն է, Աշոտյանը պատասխանեց, որ որպես այդպիսին կարող է մանակավարժություն ընտրել և հետո աշխատանքի անցնել։

Հարցին, թե բացառում է, որ մեր երկրի դեպքում ծնողի ազդեցությունը մեծ է լինում աղջկա՝ տնօրեն դառնալու հարցում, Աշոտյանը նշեց, որ պետք է նշել կոնկրետ դեպքեր։

 Նշենք, որ ըստ հրապարակումների՝ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենն է նախկին տնօրեն Մարիետա Մատղաշյանի դուստրը՝ Նատալյա Ստեփանյանը, թիվ 66 դպրոցի տնօրենն է Զարուհի Այվազյանը, որը քաղաքապետարանի կրթության վարչության նախկին պետի նախկին տեղակալ Արմինե Վարդանյանի դուստրն է: Սմբատ Բյուրատի անվան 125 դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի դուստրն է՝ Լիլիթ Անտոնյանը: Թիվ 12 հատուկ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է 114 դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանի դուստրը՝ Նաիրա Կոստանյանը: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենը նախկին տնօրեն Հասմիկ Ղարիբյանի դուստրն է և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել