Մաշված հողաթափ-նապաստակ հագած ոտքերը ցատկում էին համատարած ցեխաջրի մեջ տեղ-տեղ երևացող համեմատաբար պինդ և չոր կղզյակների վրայով: Աղջիկը վազում էր, ինչքան ուժ ուներ արագ, բայց միևնույն ժամանակ զգույշ` վարդագույն ծաղկավոր խալաթը և աստված մի արասցե` դրա տակի մուգ կանաչ թավշյա սպորտային համազգեստը չկեղտոտելու համար (մուգ կանաչ թավշյա համազգեստը հատուկ նվեր էր` ուղարկված Գլենդելում բնակվող հորեղբոր որդու կողմից երեք տարի առաջ): Աղջկա կլորիկ ու գեղեցիկ դեմքին լարվածություն կար, նրա խորունկ և սև աչքերի փայլը միայն մի բան էր տենչում` վայրկյան առաջ հասցնել լուրը: Տան և գոմի միջև ընկած տարածքն ընդամենը երեք հարյուր մետր էր, բայց նախօրեին տեղացած հորդառատ անձրևը վերածել էր գետինը միասեռ ջրիկ զանգվածի, որի միջով շարժվելու համար ամենահամապատասխան կոշիկները ռետինե սապոգներն էին: Գոմում, սակայն, չնայած նման դժվարհասանելիությանը, իրարանցում էր: Ծնում էր Մանուշակ կովը, և երկունքի արարողությանը ներկա գտնվելու հավաքվել էր Հարությունյանենց ողջ ընտանիքը` Համբարձումը, նրա կին Ծովիկը, Համբարձումի ծնողներ Նազիկ տատն ու Կարապետ պապը և փոքր տղան` Արայիկը, ում տասը տարին լրացել էր անցած շաբաթ: Միայն կրտսեր Նազիկն էր` Համբարձումի աղջիկը, ով մնացել էր տանը` հրաժարվելով անցնել ցեխոտ ճանապարհը, և գոմում նրա հանկարծակի ու շնչակտուր հայտնվելը այն պահին, երբ մեծ ու դատարկ աչքերով Մանուշակ կովը գլխապատառ բառաչում էր, խիստ անակնկալի բերեց ընտանիքի անդամներին: - Շտապ, շատ շտապ, քեռին է եկել, քեռին փորձանքի մեջ է...,- հևալով ասաց Նազիկն ու նոր շունչ քաշեց. առաքելությունը կատարված է, լուրը հասցված է: - Վայ, քոռանամ ես,- չոքերին հարվածեց Ծովիկն ու բոլորին դեն հրելով իրեն դուրս գցեց գոմից ու վազեց դեպի տուն: Սկսվեց խուճապը: Բոլորը, այդ թվում` տատն ու պապը, աղմուկ բարձրացրեցին, և ինչպես դիվահարներ, հարձակվեցին գոմի դռան վրա` մի կողմ հրելով շնչասպառ Նազիկին: Երբ բոլորն արդեն ցեխը դես ու դեն շփելով վազում էին դեպի տուն, Նազիկը հայտնաբերեց, որ հողաթափ-նապաստակները մինչև ականջները խնված են թրիքախառն ցեխի մեջ, իսկ վարդագույն ծաղկավոր խալաթը կարծես այնքան էլ վարդագույն չէ: Զայրույթից աղջիկը շիկնեց, ապա, ինչքան ուժ ուներ, շրխկացնելով փակեց գոմի դուռը, որտեղ մեծ ու դատարկ աչքերով Մանուշակ կովը տանջվում էր երկունքի ցավերից: Հարությունյանենց տան մեծ սենյակի անկյունում, թախտին, իրար վրա բուրգի պես շարված բարձերի կողքին քեռին էր: Սև, մի քիչ հին, բայց իդեալական մաքուր, առանց որևէ փոշու հատիկի նոթբուքը միացված էր, թարթում էր ինտերնետային կապի առկայությունը փաստող փարոսիկը և արությունյանների ընտանիքին էր նայում Ծավիկի մոսկվաբնակ եղբայրը` Շավոն: Նրա պատկերը մերթընդմերթ լղոզվում էր, ինչը, թերևս, գյուղի անբերանպաստ, սարերի մեջ կորած-մոռացված դիրքից էր: - Հեյ լսո՞ւմ եք,- հարցրեց Շավոն: Համբարձումը, տեսնելով, որ Ծովիկը հուզմունքից, իսկ գուցե և շնչառության պակասից չի կարողանում խոսել, առաջինն ինքը բարևեց աներձագին: - Էս խեր լինի, Շավո, այ տնաշեն, էս ո՞ւր ես կորել: - Չվախենաք, դուք կարևորը հեչ չվախենաք, դու Ծովիկին էլ ասա, թող չվախենա, ես լավ եմ, հիմա արդեն բաց են թողնում ինձ, մի քանի օրից բաց կթողնեն, բանտում եմ ես, բանտում, լսո՞ւմ եք: - Վայ, քոռանամ ես,- ասաց Ծովիկն ու այնպես սփրթնեց, որ խեղճ Նազիկ տատն ու Կարապետ պապը առաջ եկան` նրան թևերի տակից բռնելու` որ չընկնի: - Այ տղա, էդ ի՞նչ ես արել, որ բանտ ես ընկել,- հարցրեց տագնապած Համբարձումը: - Մարդ եմ գցել ավտոյի տակ: Բայց արդեն պարզ է, ողջ-առողջ է, դիմում էլ չի գրելու, ինձ պայմանական բաց կթողնեն արդեն, հետ կուղարկեն էդտեղ, դուք չվախենաք հանկարծ, պատմեք տեսնեմ` ինչ կա, ո՞նց եք: - Այ տնաշեն, էդ դու բանտում, բա ո՞նց ես խոսում,- մեջ մտավ Կարապետ պապը: - Էստեղ սկայպ կա, տվել են քսան րոպե, ասել են` խոսա արխային, ես էլ ձեզ եմ զանգել, դուք չվախենաք: Տանը քար լռություն տիրեց: Ծովիկը, ում դեմքի գույնը միանգամից տեղն եկավ, բայց դիմագծերը տարօրինակ սրվեցին, չռեց աչքերը նոթբուքի էկրանին: Նույնիսկ փոքրիկ Արայիկը, որ մինչ այդ գորգի վրա նստած ինչ-որ բան էր պտտեցնում և խաղում, բարձրացրեց գլուխն ու զարմացած նայեց թախտի վրա, բարձերի կողքին հանգրվանած քեռուն: Վերջինս, տեսնելով զարմիկի այս հուզիչ ժեստը, չդիմացավ. - Վույ աման, էն ում բալեն ա... - Շավո,- չորացած բերանը մի կերպ բացելով` ասաց Ծովիկը,- մենք էլ ենք բանտո՞ւմ: Էկրանի վրա Շավոյի դեմքը ստացավ հիմար արտահայտություն, իսկ դեմքին սառած ժպիտը կարծես հարցրեց` «Հա ջա՞ն»: - Շավո, դու էդպես հանաք մի անի, դու մեզ պես հասարակ մարդկանց հունից մի հանի, դու էն ասա, որ բանտից բաց են թողել, գնացել ես տուն... - Ես ախր բանտում եմ դեռ, ինչի՞ եք խառնվել իրար,- ասաց Շավոն Մոսկվայից: - Վայ,- ճչած Ծովիկն ու հարձակվեց Արայիկի վրա` նրան գրկելու և ամեն կերպ պաշտպանելու համար: Կարապետ պապը ծերունական չոր, բայց ամուր ափերում սեղմեց Նազիկ տատի ձեռքը: Համբարձումը, հայացք նետելով սենյակում, սեղանների և ահարանների վրա դրված մյուս նոթբուքներին, մոտեցավ աներձագին: Նրա ծանր շնչառությունից նոթբուքի էկրանը քրտնեց` լղոզելով Շավոյի պատկերը: - Շավո, մենք հիմա բանտո՞ւմ ենք,- հառաչեց Համբարձումը: Շավոն մի պահ հապաղեց, ասես մտքում ինչ-որ հաշվարկներ արեց, հետո աչքերը փայլեցին այնպես, ինչպես կփայլեին մի շատ դժվար խնդիր բարեհաջող լուծելուց հետո: - Ախր ես ձեզ այն ժամանակ ասում էի,- ասաց նա` իր հերթին մոտեցնելով գլուխը բանտային համակարգչի տեսախցիկին.- այդ գրողի տարած սկայպերը շարժական են: Քար լռություն: - Հեյ, գրողը ձեզ տանի, դուք պատկերացնո՞ւմ եք: Այդ նոթբուքը դուք կարող եք տանել ուր ուզում եք, և դա չի նշանակի, որ ձեզ հետ խոսացողը նույնպես կտեղափոխվի: Ու քանի անգամ եմ ասել, գոնե փոքրիկ Նազիկին սովորացրեք, որ քեռին չի «գալիս», քեռին «զանգահարում է»: Հարությունյանները նայում էին նոթբուքի էկրանին: - Ես հիմա Մոսկվայում եմ, դուք ձեր հերն անիծած գյուղում, ու դուք չեք կարող լինել բանտում, ինչպես և ես չեմ կարող լինել ձեր տանը: - Բա որտե՞ղ ես դու,- հարցրեց Ծովիկը, ում համար եղբոր կոպիտ և ագրեսիվ տոնը չարագուշակ մի ազդանշան էր հանդիսանում: Ծովիկի սադրիչ հարցից հետո լռելու հերթը Շավոյինն էր: Լռությունն այդ տևեց մոտ երկու րոպե, ինչից հետո սթափեցնող շրխկոցով բացվեց դրսի դուռն ու շեմին հայտնվեց կրտսեր Նազիկը, ում վարդագույն, ծաղկավոր և ցեխոտ խալաթի տակից երևում էր նույնքան ցեխոտ մուգ կանաչ սպորտային համազգեստը: Ցեխոտ էր նաև աղջկա դեմքը, և կարելի էր միանշանակորեն պնդել, որ ճանապարհին, վազելիս նա հասցրել է բերանքսիվայր ընկնել ցեխաջրերի և ինչու չէ` նաև թրիքի մեջ: - Հորթը եկավ,- ասաց շնչակտուր ու ցեխակոլոլ Նազիկը` ընկնելով գետնին,- հասե´ք: Ընտանիքը, որ մինչ աղջկա հայտնվելը փորձում էր լուծում տալ Շավոյի շուրջ ստեղծված իրավիճակին, ասես հատուկ համաչափություն պահելով` նետվեց դեպի դուռը: - Հեեեեյ, ինձ էլ տարեք, ինձ էլ տարեք հետներդ, էս անտեր նոթբուքը վերցրեք հետներդ, սա շարժվում է, գրողը ձեզ տանի... Բայց արդեն ուշ էր: Ցեխակոլոլ Նազիկը, ով արդեն չէր փորձում պաշտպանել իր խալաթն ու սպորտային համազգեստը, իսկ հողաթափ-նապաստակներն էլ նման էին երկու մեծ ցեխագնդերի, վերջինը դուրս եկավ տնից` չմոռանալով ինչպես հարկն է շրխկացնել դուռը քեռու վրա` վերջինին թողնելով միայնակ անցկացնել իրեն մնացած վերջին րոպեները քրոջ ընտանիքի տան դատարկ պատերի, սենյակով մեկ ցրված նոթբուքների ընկերակցությամբ: Նոթբուքների, որոնցից ամեն մեկը նախատեսված էր կոնկրետ ազգականի հետ շփվելու համար, և դատարկ սենյակում իրականում ներկա էին ինքը` Շավոն, Համբարձումի ամերիկաբնակ եղբայրը, Համբարձումի երևանաբնակ քույրը, Կարապետ պապի զարմիկը, Ծովիկի երկու քույրերը և այլք: Արունով ու լորձերով ողողված գոմում, հոգնած և ուժասպառ Մանուշակ կովի շուրջ հավաքված էր Հարությունյանների երջանիկ ընտանիքը: Համբարձումը, որ պարզապես շողշողում էր ուրախությունից և հպարտությունից, հայացքը մոտեցրեց նոր հայտնված հորթի աչքերին: - Անուուուշ,- ասաց Համբարձումը: Գոմում, աթարի շերտերի վրա հարմար տեղադրված նոթբուքի էկրանից պսպղացին Հարությունյանենց նոր ծնված հորթի խոշոր ու դատարկ աչքերը: - Մուուու,- ասաց հորթը նոթբուքի դինամիկներից: - Մուուու,- ասաց Մանուշակ կովը Հարությունյանենց գոմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել