Tert.am-ը գրում է․

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունված  Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալբանաձևը, որը նախաձեռնել էր  Հայաստանը, ապացուցում է՝ մեր երկիրը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ նաև քայլեր է ձեռնարկում կանխարգելելու ապագայում հնարավոր կատարվելիք ցեղասպանությունները: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնեց

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հիշեցնելով, որ ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է ուղղված մարդկության դեմ:

«Մենք կարևորում ենք, որ մեր այս պայքարում չկրկնվեն ցեղասպանություններ: Մենք, փաստորեն, գտնվում ենք ժամանակակից աշխարհի մարդկության ամենաավանգարդային խմբի մեջ, քանի որ պայքարել ենք այս ծանր հանցագործության դեմ: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը հաջողություն է ունեցել: Սրանով Հայաստանը ոչ միայն իր մտահոգությունն է հայտնում այս հարցի շուրջ, այլ նաև հստակ քայլեր է ձեռնարկում կանխելու դրանց կրկնությունը: Այս գործելաոճը պետք է մեր դիվանագիտության կարևոր ուղղություններից մեկը լինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է բանաձևի ընդունման կարևորությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ողջ գործընթացի համատեքստում, ապա Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հասկանում է, որ պատահական չէ Հայաստանի նախաձեռնությունը:

«Բոլորը հասկանում են՝ պատահական չէ, որ այս փոքր երկիրը այսպիսի կարևոր խնդրի համար նման ակտիվությամբ պայքարում է, և, ուզած, թե չուզած, վերհիշում են Հայոց ցեղասպանությունը, ինչը շատ դրական է: Այսինքն՝ բանաձևը ևս մեկ անգամ աշխարհին հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց նա:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ նշեց, որ ընդհանրապես ցեղասպանությունները և ցեղասպանությունների կանխարգելումը համամարդկային խնդիր է, և բնական է, որ ՄԱԿ-ի կողմից բանաձևի ընդունումը փաստում է, որ այն պատասխանատու է համամարդկային խնդիրները ճիշտ ուղով տանելու հարցում:

Ինչ վերաբերվում է Հայաստանի նախաձեռնությանը, ապա թուրքագետն ընդգծեց, որ այն չի կարելի դիտարկել Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստից դուրս:

 «Կարող ենք ենթադրել, որ առաջարկի ընդունումը իր մեջ ունի առնվազն քաղաքական մեսիջներ՝ ուղղված և՛ ամբողջ աշխարհին, և՛ հատկապես Թուրքիային: ՄԱԿ-ի կողմից այդ բանաձևի ընդունումը նաև կարող ենք համարել որպես լուռ սատարում Հայոց ցեղասպանության հարցում առաջ քաշվող տեսակետներին: Այսինքն՝ ՄԱԿ-ը, առանց շեշտադրումներ անելու, դատապարտում է Թուրքիային և կոչ անում ընդունել ցեղասպանությունը»,- ասաց նա:

Թուրքագետը նկատեց, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը հասկանում է, որ
Հայաստանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործի առաջամարտիկն է և իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը հենց սա է:

«Եթե  խոսվում է ցեղասպանությունների կանխարգելման մասին, ապա ամբողջ քաղաքակիրթ աշխարհի մոտ առաջինը ասոցացվում է Հայոց ցեղասպանությունը, և սա ևս մեկ անգամ կոչ է աշխարհին՝ հավատարիմ մնալ սկզբունքներին, իսկ պետություններին էլ՝ գործուն քայլեր անել ցեղասպանությունները կանխարգելելու կամ արդեն իսկ տեղի ունեցածների հետևանքները վերացնելու ուղղությամբ: Բայց ամեն դեպքում բանաձևի առաջին հասցեատերը Թուրքիան է»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել