Tert.am-ը գրում է․

Մարտի 28-ին Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմը։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ողջույնի խոսքում կարևորել է երկու հանձնաժողովների համատեղ նիստի անցկացումը՝ նշելով, որ այն կարևոր հարթակ է՝ քննարկելու երկու հասարակությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին:

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի և առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ: Ըստ փոխվարչապետի՝ Եվրասիական միությունը, թերևս, աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է: Այնուամենայնիվ, Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ միությունն ունի դեռևս չիրացված հսկայական ներուժ: Փոխվարչապետն անդրադարձել է նաև ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հեռանկարներին և նշել. «Մենք գիտակցում ենք, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջելու և պետք է դրա համար օգտագործել համագործակցության ներուժը բոլոր հնարավոր ձևաչափերում»:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին ընդգծել է, որ երկու հանձնաժողովները ծավալուն աշխատանք են կատարել արդեն իսկ անցկացված երկու համատեղ նիստերի ընթացքում: Նա կարևորել է միջազգային հարթակներում համագործակցությունը և երկկողմ հանդիպումներն առավել պարբերական դարձնելը:

«Տնտեսական համագործակցության և զարգացման հեռանկարները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ՌԴ ԴԺ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովը և Եվրասիական տնտեսական միության Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:

Էմիլ Տարասյանը ներկայացրել է այն փոփոխությունները և լրացումները, որոնք կատարվել են ՀՀ օրենսդրությունում՝ նպատակ ունենալով այն համապատասխանեցնելու ԵՏՄ-ի պայմանագրի պահանջներին: Վասիլի Լիխաչովի գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է ազգային ինքնիշխանության ամրապնդում և ազգային տնտեսությունների զարգացում: Պարոն Լիխաչովը կարևորել է ԵՏՄ շրջանակներում խորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Նա առաջարկել է հայ և ռուս խորհրդարանականներին մշակել և միջազգային հարթակներում ներկայացնել Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսությունը և դրանով նպաստել նաև ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև երկխոսությանը: Կարինե Մինասյանը ներկայացրել է այն ուղղությունները, որոնք պետք է զարգացնել ԵՏՄ շրջանակներում համագործակցությունն ավելի արդյունավետ և բազմակողմանի հիմքերի վրա դնելու համար:

Մտքերի փոխանակության ընթացքում հայ և ռուս պատգամավորները խոսել են ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու առանձնահատկություններից, ինտեգրման ուղղությամբ իրականացված աշխատանքներից, խնդիրներից ու մարտահրավերներից:

Նիստը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել