1994 թ.-ին Չակ Նորիսը քայլում էր Տեխաս նահանգի Դալլաս շրջանի փողոցներից մեկով: Այստեղ տեղի էին ունենում տեխասցի ռեյնջերի մասին հայտնի սերիալի նկարահանումները: Նրբանցքներից մեկում նրան մոտեցան երկու տղամարդ: Կարծելով, թե նրանք իր ստորագրությունն էին ուզում, Չակը կանգ առավ ու ժպտաց անծանոթներին: Այնինչ տղամարդիկ հարձակվեցին նրա վրա: Տղամարդկանցից մեկը սպառնաց Չակին դանակով ու պահանջեց նրա դրամապանակը: Չակը զարմացած հարցրեց.

- Դուք լրիվ խելքներդ թռցրե՞լ եք:

Ի պատասխան հանցագործներն ասացին.

- Մենք գիտենք՝ դու ով ես: Գիտենք նաև, որ մոտդ փող կա: Անմիջապես դրամապանակդ տո՛ւր մեզ, թե չէ դիակդ կփռենք:  


Այստեղ պետք է արձանագրել, որ Չակ Նորիսը ոչ միայն կինոնկարներում է լուրջ դեմք, այլև իրականում էլ մարտարվեստների տարբեր տեսակներից մի քանի գոտի ունի, այդ թվում՝

  • առաջին դան բրազիլական ջիուջիցուից (ավելի բարձր դան միայն սենսեյն ունի)
  • ութերորդ դան թաեքվոնդոյից (այս մարտարվեստում 9 դան կա)
  • իններորդ դան ջիթկունդոյից
  • տասներորդ դան շիտո-րյու կարատե-դոյից
  • տասներորդ դան տանսուդոյից
  • տասնմեկերորդ դան չան կուկ դոյից

Եթե գողերն ատրճանակներով զինված լինեին և գտնվեին Չակից գոնե մի քանի մետր հեռավորության վրա, նրանք գուցե ջրից չոր դուրս գալու շանս ունենային: Բայց նրանք շատ մոտ էին կանգնած և զինված էին դանակներով… Երբ չորս րոպե անց ժամանեցին ոստիկանները, նրանք հայտնաբերեցին կոտրված ձեռքերով երկու ձախորդ հանցագործների և Չակ Նորիսին, ով իր ուրույն ոճով էր հագնված՝ ջինսե տաբատ և գլխարկ: Գողերն իբրև արդարացում նշեցին, որ կարծում էին, թե Չակի մարտերը ֆիլմերում «սարքած» էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել