Tert.am-ը գրում է.

-Պարո՛ն  Բաղդասարյան, հայտարարում եք, որ սահմանադրական բարեփոխումերի շուրջ լայն քաղաքական կոնսոլիդացիա կա: Իրո՞ք այդպես է:

-Տարբեր ձևաչափերով հանդիպումների արդյունքում նաև մենք` քաղաքական ուժերս ու պատգամավորներս, և՛ առանձնազրույցների ժամանակ, և՛ սուրճի սեղանի շուրջ, և՛ օֆիցիալ հանդիպումների ժամանակ քննարկումներ ենք ունենում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Կարծես տպավորությունն այդպիսինն է, որ գիտակցում են, որ այսօր մոդելի փոփոխությունը անհրաժեշտություն է և խորհրդարանական ընտրությունները միտված են  որպես ապագայի փոփոխություն և քաղաքական ուժերի մեծ մասը տեսնում է այդ փոփոխության մեջ որպես համար մեկ օրենք Սահմանադրությունը և այդ օրենքին դրական են վերաբերվում, թեև որոշ վերապահումներով: Տարբեր քաղաքական ուժեր ունեն տարբեր առաջարկություններ, և բնականաբար, կան քաղաքական ուժեր, որոնք նաև հիմնվում են գործող Սահմանադրության վրա և այդ դեպքում չի բացառվում, որ քննարկումների ադրյունքում ԱԺ ուղարկվի երկու տարբերակ:

-Իսկ քաղաքական ուժերի, ո՞ր մասն է կողմնակից  խորհրդարանական կառավարման մոդելի՞ն:

-Որևէ քաղաքական ուժ իր վերջնական կարծիքը չի հայտնել, պարզապես նրանք ներկայացրել են առաջարկություններ: Ես ժամանակավրեպ եմ համարում որևէ բան ասել մինչ քաղաքական ուժերը չանեն  քաղաքական հայտարարություն և  իրենց դիրքորոշումը չհայտնեն, բայց քաղաքական ուժերի մեջ այդքան էլ միատարր չեն այդ կարծիքները:

-Դուք խոսել էիք պատգամավորական 75 տեղի մասին:

-Երբ զանգում են ու հարցնում են, թե ճիշտ է, որ թիվը պետք է դառնա 121, 101,  ես ասում եմ` շատ սիրուն թվեր եք ասում, ինչու 75 էլ չեք ասում, և բնականաբար, դա շատ ոգևորել էր բոլորին: Թվերի հետ կապված  քննարկումներ գնում են, սակայն որևէ մեկը չի ասում  141, 151: Ես իմ անձնական կարծիքը հայտնել եմ, որ ԱԺ-ում, եթե մենք հասնենք այն բանին, ինչի մասին մեր հայտարարություններում բազմիցս նշել ենք, որ կարողանանք գործարարությունը անջատել քաղաքականությունից և ԱԺ-ում լինեն այն քաղաքական գործիչները, որոնք լծված են օրենսդիր մարմնի աշխատանքներին և պրոֆեսիոնալը լինի ոչ թե թղթի վրա, այլ իրականում, ինձ թվում է քանակի կրճատումն արդարացված կլինի: Բայց  այդ շրջանակներում պետք է նաև հզորացվի, լայն հնարավորություններ տրվի մասնագետներին, որպեսզի կարողանան պատգամավորները, քաղաքական գործիչները ավելի լայն սպեկտորով աշխատել, որովհետև եթե պատգամավորը քաղաքական գործիչ  է կարող է իրավաբան, տնտեսագետ չլինել, սակայն որպես քաղաքական գործիչ օրենքների լիիրավ մասնակցության համար նրան հարկավոր են տարբեր բնույթի մասնագետներ:

-Այսինքն՝ աշխատակազմի մեծացում է նախատեսվում, թե դա էլ բյուջետային  գրասենյակի միջոցով կարվի:

-Բյուջետային գրասենյակն էլ իր դերակատարությունը կունենա, սակայն մասնագետներ, օգնականներ հիմա էլ կան, ինձ թվում է, որ նրանք պետք է լինեն պրոֆեսիոնալներ, և ավելի նորմալ վարձատրություններով: Այս կտրվածքով կարող ենք ասել, որ ընդլայնում կարող է իրականցվի, սակայն ոչ թե քանակի ավելացման հետ է կապված այլ ընդհակառակը կարող է քանակը կրճատվի, սակայն ԱԺ պատգամավորներին հնարավորություն տրվի, որ կարողանան ճիշտ օգտագործել իրենց կցված մասնագետներին, օգնականներին, և մարդիկ իմանան սա իրենց հիմնական աշխատանքն է և պառլամենտը դառնա պրոֆեսիոնալ և կոչված լինի միայն օրենսդրական գործով զբաղվելու և օրենքներ մշակելու:

-Այդպես եք ասում, սակայն տարեցտարի վիճակագրությունն ասում է, որ խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունների թիվը գնալով  զիջում է կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին:

-Թվով չեն որոշվում է օրենսդրական նախաձեռնությունները:Բնականաբար , կառավարությունը պետք է գերիշխող դիրք ունենա: Վերջիվերջո,  տնտեսական քաղաքականությունը և կառավարության ծրագրի իրականացնողը կառավարությունն է և բնական է, իրենք ավելի շատ օրենսդրական նախաձեռնություններ պետք է ունենան: Ես չեմ ցանկանում, որ  մրցավազք հայտարարվի, ես օրենքների որակի մասին եմ խոսում: Գաղտնիք չէ, որ Գերագույն խորհրդից մինչ այսօր,կարծեք թե, Ազգային ժողովի` որպես քաղաքական մարմնի աճ  չենք ունեցել մինչև հինգերորդ գումարման ԱԺ: Պարզապես,  շատ քաղաքական գործիչների ցանկությունն եմ հայտնում, որ եթե անցնում ենք կառավարման խորհրդարանական մոդելին, այդ դեպքում խորհրդարանը պետք է լինի զուտ պրոֆեսիոնալ պատգամավորներով կազմավորված խորհրդարան: Պարտականությունները բավականին մեծանում են խորհդրարանականի ժամանակ:

-Ի՞նչ կասեք «Հարյուրամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության հայտարարությունների մասին:

-Լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարություններին, չեմ ցանկանում որակումներ տալ, թող հանրությունը որակումներ տա նման տիպի հայտարարություններ անողներին: Չեմ ուզում նույնիսկ նրանց քաղաքական գործիչներ համարել,  պարզապես սադրիչ գործողություններով խարխլել ներքաղաքական իրավիճակը, խաղալ երկրի իմիջի հետ այն դեպքում, երբ համայն աշխարհի հայությունը միավորվում է միասնական ակցիա անելու համար, բոլորը իրենց գործերը թողած առաջին դեմքի մակարդակով գալիս են մեր երկիրը, որպեսզի մեր ընդհանուր ողբը սգան և կարողանանք որևէ արդյունքի հասնել, այդ դեպքում հայտնվում է մեկը, ով կատարում է նման տիպի հայտարարություններ, ակցիաներ: Ես կարծում եմ, որ հանրությունը կտա դրա պատասխանը, սակայն մինչև  24-ը ժամանակ ունենք, ես կարծում եմ, որ այդ մարդը կգիտակցի դա:

- Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարել էր, որ կարող է առաջիկայում տնտեսական անկման մասին հայտարարություն արվի, Խոսրով Հարությունյանն էլ նշել էր, որ դա վերլուծություն կլինի, ոչ թե քաղաքական հայտարարություն, որը քաղաքական ակտ է: Տնտեսության առումով վիճակը մտահոգի՞չ  է:

-Չենք թաքցնում, որ ունենք մտահոգիչ վիճակներ՝ կապված ընդհանուր միջազգային գործընթացների հետ, դա միայն ՀՀ-ում չէ, այլ բոլոր երկրների հետ է կապված: Եթե մենք այսօր ասում ենք, որ Ռուսաստանի վիճակը վատացել է, որովհետև նրա նկատմամբ սանկցիաներ են կիրառվել, ապա փոքր-ինչ էքսկուրս,  մոնիթորինգ կատարեք եվրոպական երկրների տնտեսություններ, որոնք կիրառել են այդ սանկցիաները, տեսեք այնտեղի դժգոհությունները, խնդիրները, որովհետև նույն Ռուսաստանի հետ մեծ քանակությամբ ապրանքաշրջանառություն են ունեցել, որոնք այդ սանկցիաների պատճառով  ընդհատվել են և որևէ մեկին դա ձեռք չի տալիս: Իսկ հայտարարության հետ կապված ես համաձայն եմ, որ դա կլինի պարզապես ուսումնասիրություն, սակայն եթե կա իրականություն, ապա այդ իրականությունը պետք է հայտարարել, ոչ թե թաքցնել,  և մենք հակված ենք նրան, որ եթե ունենանք նման խնդիր ուրեմն կհայտարարենք:

-Սակայն դա կնշանակի՞, որ հայտարարված ծրագրերը` կարճաժամկետ, միջնաժամկետ, չեն իրականացվելու, հետաձգվելու են կամ կասեցվելու։

-Նման տիպի ենթադրություններ չեմ անում, պարզապես կարող է վերլուծություններ անենք, նոր մոտեցումներ ունենանք, ինչ-որ ծրագրեր կարող են կրճատվել, սակայն կարող է ընդհանրապես որևէ բան չկրճատվի, որևէ խնդիր չառաջանա, ինչի մասին ևս հայտարարություն կտարածենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել