Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի սկզբից ընդամենը մի բան էինք ուզում. թիմի առաջատար ֆուտբոլիստներն ապաքինվեն վնասվածքներից, ու խաղանք մեր մարտական կազմով: Յուրա-Գև, Հենո, Արազ…: Առաջին երեք խաղում տենց էլ ֆուլ կազմով չխաղացինք, ու հիմա մրցաշարային աղյուսակում մեր զբաղեցրած դիրքը ցույց է տալիս արդյունքը: Այն, որ Ալբանիան լուրջ մրցակից է, ապացուցում են թիմի վերջին ելույթներն ընտրական փուլում. սենսացիոն հաղթանակը պորտուգալացիների նկատմամբ վառ օրինակ է: Կհաղթեին նաև Դանիային, բայց վերջին պահին գնդակ ընդունեցին, ու` 1-1: 
Ի՞նչը կարող է մոտիվացնել մեր տղաներին: Այն, որ հաղթանակի դեպքում կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆի ուղեգրի համա՞ր, թե՞ որ պարտության դեպքում Բեռնար Շալանդին կհեռացնեն: Վերջին տարբերակն ինձ ամենաքիչն է հետաքրքրում, քանի որ Շալանդը Յան Պորտերֆիլդը չի: Հիշո՛ւմ եք, թե ինչ եղավ այն տարիներին: Փայլուն էր: 
Կարելի է մոռանալ, որ հայերը չեն հաղթել վերջն երեք խաղերում: Ավելին` դրանցից երկուսում պարտվել են: Կարելի է մոռանալ ու հիշել հենց Սերբիա դեմ տնային խաղը: Ինչպե՞ս եղավ դա: Այդպես է պետք: Պետք է կրկնել դա: Եթե պատմականորեն նայենք, Ալբանիան կոնկրետ մեզ համար դժվար մրցակից չի եղել: 98-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլում 1-1 ենք խաղացել դրսում, տանն էլ 3-0 հաղթել ենք: Այս երկու օֆֆիցիալ խաղերին ավելացնում ենք նախանցած տարվա ընկերական խաղը, որտեղ երկու գնդակ հանեցինք մեր դարպասից: Պրակտիկորեն կարող ենք հաղթել, եթե խաղանք այնպես, ինչպես խաղացինք Սերբիայի դեմ: Բայց այստեղ մի անհասկանալի բան կա. ինչպե՞ս հաղթել, եթե մեր թիմի կազմում մի շարք հիմնական կազմի խաղացողներ չունեն օպտիմալ մարզավիճակ: Կանաչ դաշտի վրա կաշվե գնդակով ընդամենը մարզվել են. ոչ մի րոպե՝ պաշտոնական խաղերում: 
Շալանդի հեռանալ-չհեռանալու հարցում ևս, ունեմ անձնական տեսակետս, բայց դա չեմ բարձրաձայնի: Նախախաղյա մտորումներս գրելուց մի բան անցավ մտքովս: Գուցե տղաներին կարող է մոտիվացնել այն, որ պետք է հենց 2015-ին` ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ խաղալ, հաղթել, դուրս գալ Եվրոյի փլեյ-օֆֆ ու աշխարհին հանդես գալ արդեն նոր կարգավիճակով: Արդեն որպես սկզբունքային, համառ ու սեփական «ես»-ը սիրող հավաքական:

Հ.Գ. Մեր հավաքականի նորեկների վրա հենց առաջին խաղում հույս դնել պետք չի: Մեծ բան սպասել էլ պետք չի: Ու եթե նրանց մոտ ոչինչ չստացվի, ցցին չհանեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել