Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Միջոցառմանը ներկա էր նաև BlogNews.am-ը:

 

Մրցանակաբաշխության հանդիսավարներն էին դերասան-ամուսիններ Արթուր Կարապետյանն ու Սաթիկ Հախնազարյանը: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում էին հավաքվել թատերական աշխարհի կարկառուն ներկայացուցիչները: Միջոցառումը մեկնարկեց մեծանուն դերասանի մասին պատմող փոքրիկ ֆիլմի ցուցադրությամբ. մրցանակակիրներն ու մրցանակ հանձնողներն էլ հիշում էին հետաքրքիր դեպքեր Սոս Սարգսյանի կյանքից:

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» ճանաչված Նարինե Գրիգորյանը հիշեց, որ վարպետը քանիցս իրեն ասել է, որ բեմադրություն անի, իսկ ինքն ասում էր, թե չի կարող իր խաղընկերների հետ բեմադրություն անել և ներկայանալ որպես ռեժիսոր: Երբ Սոս Սարգսյանը հիվանդ էր, Նարինեն որոշեց անել իր բեմադրությունը Համազգային թատրոնում, ավաղ, չհասցրեց լսել վարպետի կարծիքը: «Այս ներկայացման մեջ պակասում են Սոս Սարգսյանի խորհուրդները»,- նշեց երիտասարդ ռեժիսորը, ով մրցանակը ստացավ  «Լյու-Բոֆ» ներկայացման համար:

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում 2 մրցանակակիր կար՝ Ռուզան Գասպարյանը («Չորս պատճառ ամուսնության համար»)  և Լուիզա Ներսիսյանը («Ամնեզիա»): Լուիզան նշեց, որ յուրաքանչյուր դերասան, ով բեմ է դուրս գալիս, պետք է իմանա, որ ինքը լավագույնն է: «Ուրախ եմ, որ այս դեպքում համընկել են իմ և ժյուրիի կարծիքները:) Մենք բոլորս լավագույններն ենք»,- նկատեց դերասանուհին:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Կարեն Քոչարյանը («Ինչպե՞ս  են մարդ դառնում») և Վիգեն Ստեփանյանը («Լիր»):  Վերջինը նշեց, որ ամենամեծ «Լիր արքան» Եղել է Սոս Սարգսյանը: «Սա Սոս Սարգսյանի վերջին դերերից էր, իսկ նա ինձ շատ հարազատ մարդ էր ու ինձ համար հոգու հարստություն է, որ այդ պատգամն ինձ հասավ»,- ասաց Վիգեն Ստեփանյանը:

«Արտավազդում» տարվա «Լավագույն պիես» մրցանակը մնաց անհասցե: Այդ անվանակարգում ներկայացված էին Թամար Հովհաննիսյանի «Վերջին կանգառը», Վիգեն Ստեփանյանի «Կիկոսը», Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդարը», Արմեն Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտը», սակայն ժյուրին հաղթող չէր ճանաչել ոչ մեկին:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեցին 2 դերասանուհի՝  Սիրանուշ  Լազյանը՝ «Գիշեր Երզնկայի վրա» ներկայացմամբ և Անի Ղազարյանը՝ «Լյու-Բոֆ» ներկայացմամբ: «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում ևս 2 հաղթող կար.  Նարեկ Հայկազյանը «Դեպք մետրոյում» ներկայացմամբ և Արմեն Քուշկյանը՝ «Ապուշը» ներկայացմամբ:

«Լավագույն երիտասարդական ներկայացումը»  «Թմկաբերդի առումն» էր:  «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում մրցանակ ստացավ Անդրանիկ Հարությունյանը   «Սիրելի Պամելա»  ներկայացման համար: «Երաժշտության լավագույն հեղինակ» մրցանակը բաժին հասավ Արթուր Մանուկյանին՝ «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» ներկայացման համար:

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» ճանաչվեց Լոլիտա Բուկիա «…Ինչպես Աստվածները» ներկայացմամբ: «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատարի» մրցանակն էլ ստացավ Հայկ Թորոսյանը՝ «Աշնանային իրիկնամուտ» բեմադրությամբ:

Լավագույն ռեժիսուրա անվանակարգում մրցանակ ստացավ Գրիգոր Խաչատրյանը՝ «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» բեմադրության համար: «Լավագույն ներկայացում» ճանաչվեց «Սիրելի Պամելան»: Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակ ստացան Սուրեն Հասմիկյանը, Կարպիս Շամլյանը, Ռուբեն Մարուխյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Արթուր Նալբանդյանը: ՀԹԳՄ Ոսկե մեդալ ստացան Լևոն Մութաֆյանը, Արթուր Կարապետյանը, Սամվել Ղազարյանը (Արտաշատ), Գայանե Հովհաննիսյանը (Աբովյան), Ջեմմա Ադամյանը (Կապան), Սուսաննա Սարգսյանը (Գավառ): ՀԹԳՄ  հատուկ մրցանակ ստացավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնից Լեյլա Մկրտչյանը:

Ժյուրիի հատուկ որոշմամբ մրցանակներ ստացան Մնջախաղի թատրոնից Իննա Հախնազարյանը, Շուշիում բեմադրված «Հրե օղակ» օպերան և Փոքր թատրոնում բեմադրված «Մի լքիր ինձ» ներկայացումը:

Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել