Tert.am-ը գրում է.

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարը ռեժիմը հաստատելուց հետո առաջին անգամ 120 մմ տրամաչափի ականանետ կիրառելուն, նշեց, որ զենքի դեմ միշտ էլ ավելի հզոր զենք կա:

«Հայկական բանակը պետք է համապատասխան պատասխան տա: Եթե հակառակորդը այնքան է լկտիացել, որ զինադադարի պայմաններում օգտագործում է 120մմ ականանետ, ինչ պետք է անի՞ հայկական կողմը, բնականաբար կիրառի ավելի հզորը: Հիմա դա կամ պետք է անի Հայաստանը, կամ ԼՂ խնդրով զբաղվող միջազգային կառույցը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ և հայտնել, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Ադրբեջանը առաջին անգամ կիրառվել է առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր:

Վահան Շիրխանյանն ընդգծեց, որ միջազգային այս կառույցը, իր ղեկավար Կասպշիկի հետ նման իրավիճակում պետք է գնար Ադրբեջան ու պատժի վերջինիս միջազգային օրենքներով:

«Պատերազմի ժամանակ այդ տրամաչափի ականանետեր շատ են կիրառվել, բայց զինադադարի պայմաններում՝ առաջին անգամ: Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Սա ականանետ է, որը ավելի հզոր, քան 82 մմ-անոցը, որը արդեն կիրառվել էր, բայց ավելի մեծ շառավիղ ունի ու ավերիչ ազդեցությունն ավելի մեծ է, բայց միշտ էլ կան ավելի ուժեղ զենքեր, ավելի ուժեղ պատասխան: Ադրբեջանին կամ պետք է Հայաստանը պատժի, կամ խնդրով զբաղվող միջազգային կառույցը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել