Քաղաքական ուժերի բազմազանության պակաս Հայաստանում կարծես թե չի նկատվում, քաղաքական գործիչների էլ կարծես չկա: Սակայն, ցավալիորեն, դրանք շատ դեպքերում ուղղակի «գալչկայի» համար գործող դեմքեր են՝ տարբեր պրոյեկտների ու իրավիճակների համար:

Եթե քաղաքական ուժը երկրում տեղի ունեցող գործընթացների առհասարակ չի մասնակցում կամ մասնակցում է օլիմպիական սկզբունքով, ապա դա դեռ քաղաքական գործունեությամբ զբաղվել չես կարող համարել: Վաղուց հասունացել է կուսակցությունների մասին օրենքը կյանքի կոչելու անհրաժեշտությունը, ինչն անխուսափելիորեն կբերի քաղաքական դաշտի մաքրմանը, հստակեցմանը և որ պակաս կարևոր չէ՝ «տրաֆարետային» դեմքերի հեռացմանը:

Մարդ-կուսակցությունների ժամանակներն անցյալում են, և նրանց՝ «լայն կոնսոլիդացիա» ապահովող դերակատարությունը՝ ևս: 
Հայաստանում իրական քաղաքական գործունեությունն առավելագույնը 7-8 կուսակցություն է վարում (միգուցե փոքր-ինչ գերագնահատում եմ շատերի գործունեությունը):

Հետաքրքիր զուգադիպության, նախագահի փետրվարյան հայտնի՝ «չիստկա» հիշեցնող հայտարարությունից հետո մարդ-կուսակցությունները փոքր-ինչ ակտիվացան՝ փորձելով ցույ ցտալ իրենց կարևորությունը: Գառնիկ Իսագուլյանն ու Արամ Հարությունյանը մի պահ մամուլի ակումբներից տուն չէին գնում, իսկ Արամ Զավենի Սարգսյանը սկսել է «զանգ կախելու» անհրաժեշտությունից խոսել:

Վերջինս իր գոյության մասին վերջին անգամ հիշեցրեց մի քանի օր առաջ, երբ «վարչապետների ակումբի» գործունեությանն անդրադառնալիս նշեց՝ «Ժողով անողը միշտ էլ ժողով է անելու, նրանից զանգ կախել չսպասեք»:

Իսկ ի՞նչ է անում Արամ Սարգսյանը, հասկանալի է, որ նույնիսկ ժողով անելու հնարավորություն չունի, քանզի նրա թիմը վաղուց ցրվել է, իսկ դաշտում մերթընդմերթ «ծիկրակող» կուսակցական դեմքերը վաղուց կամ բիզնեսով են զբաղված, կամ քաղաքական-տնտեսական էլիտայի այս կամ այն անձին են սպասարկում:

Իսկ Արամ Սարգսյանը սպասում է «զանգ կախելու» պատմական պահին, որը մի անգամ կորցրել է դեռ 15-16 տարի, երբ նշանակվեց վարչապետ, ու իր հետքն ու ներդրած ավանդույթներն այդպես էլ չնշմարվեցին, իսկ վերջին փորձը ՀԱԿ-ի ֆորմատի շրջանակներում էր, երբ վերջինիս «պատմական առաքելությունը» սահմանափակվեց միայն բոցաշունչ ելույթներով. խոսեց, ասելիքն ավարտեց ու անհետ լքեց քաղաքական ասպարեզը: Իսկ ժամանակ առ ժամանակ այս կամ այն թերթին հարցարզույց տալը դեռևս չի նշանակում զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել