Մի տեսակ տխուր էր… Մենությունն, իրոք, ժամանակակից հասարակության հիվանդությունն է:

Մենք խենթորեն սեր ենք տենչում, չենք պատկերացնում կյանքն առանց դրա: Մենք պարտադիր պետք է ինչ-որ մեկի մեջ խառնվենք, տարրալուծվենք, «տեղավորվենք»…

Մենք հոգեհարազատ մարդու հավերժ փնտրտուքի մեջ ենք, որպեսզի գտնենք այն միակին, հասկացողին, ընդունողին… Մեզ համար այնքան կարևոր է այդ հարազատ հոգին գտնելը, որ հաճախ դիմում ենք աբսուրդ քայլերի. գտնում ենք այնտեղ, որտեղ այն պարզապես չկա: Մենք դիմում ենք երևակայության ու ինքնախաբեության` կյանք տալով սիրո արհեստական օբյեկտին:

Ֆիլմի գլխավոր հերոսը` Թեոդորը, հոգի է տալիս մեքենային` համակարգչային ծրագրին, իսկ վերջնարդյունքում նրա կոտրված սիրտը բավականին տրամաբանական ավարտ է, այլ բան չէր էլ կարող լինել…

Մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ պահի իրեն դատարկված է զգացել: Խոակին Ֆենիքսի հերոսը նույնպես սխալմամբ պնդում էր, որ կյանքում արդեն իսկ ապրել է բոլոր այն զգացմունքները, որոնք պետք է զգար և ինքն այլևս չի կարող որևէ նոր ապրումներ ունենալ: Եվ հենց այդ պահին էլ հերքելով վերը նշվածը` Թեոդորը սնում-աճեցնում է նոր սեր, որը փյունիկի պես վերածնվում է հին հարաբերությունների մոխիրներից:

Անցյալն ընդամենը պատմություններ են, որոնք մենք ինքներս ենք պատմում: Ինքներս ենք ստեղծում ու հնարում: Այո, դա նրա ճիշտն է. այդպես է իր կյանքը որոշել լիրիկական դրամայի գերնրբազգաց ու գերզգայուն երևակայության վարպետը: Ընտանեկան կյանքը չի հաջողվել, սերն անհետացել է… Բայց հենց դրա համար էլ նա արարիչ է, որ ստեղծի նորը:

Կյանքը հանդեպ սերը գրավել է ֆիլմի գլխավոր հերոսին, դա հազվադեպ տաղանդ է` հմայվել «ամենքով ու ամեն ինչով»: Չէ՞ որ երջանիկ լինելու համար, ըստ էության, մեզ այնքան էլ շատ բան պետք չէ: Ընդամենը ունենալ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են լավատեսությունը, հետաքրքրասիրությունը, գրկաբաց հոգին, դեպի նոր նպատակներին ձգտելու անհագ ցանկությունը` առանց առկա իրողությունների հետ կապը կորցնելու:

Վստահ եմ, որ ֆիլմի ավարտն ամենևին էլ Թեոդորի «վերականգնվող հրապուրվածության» վերջը չէ, այլ պարզապես նորի սկիզբն է: Որովհետև կյանքի հանդեպ սերն ու «արարիչ» լինելու հատկությունը կօգնեն նրան նոր երջանկության կամ նոր սիրո ճանապարհին: Թեոդորի համար սրանք հոմանիշներ են. կյանք, երջանկություն, թթվածին, սեր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել