Tert.am-ը գրում է.

«Երկրապահ կամավորականների միության» փոխնախագահ, ազատամարտիկ Արա Կետիկյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր քաղպաշտպանության խորհրդարանական լսումների ժամանակ Խաչիկի գյուղապետի՝ սահմանամերձ գյուղերի տղամարդկանց զենք տրամադրելու առաջարկին, նշեց որ միանշանակ կողմ է՝ ամեն մի հայ տղամարդ նշված տարածքներում պետք է զենք ունենա: Ըստ Արա Կետիկյանի՝ ազատամարտիկների միությունները ստեղծվում են, երբ տարբեր քաղաքական ուժեր փորձում են նրանց օգտագործել, հետո կազմաքանդվում, և ի վերջո, տղաները վերադառնում են: 

-Պարո՛ն Կետիկյան, Ադրբեջանի պաշտպանության նախարարը երեկ բառացիորեն հայտարարել է, որ ամեն մի ադրբեջանցի զինվորի պարտքն է գիշեր-ցերեկ մտածել հայ սպանելու մասին: Թեև մենք սովոր ենք նրանց հռետորաբանությանը, բայց, ինչպես ասում են, սա վերջն է՝ նման բարձր պաշտոնյայի մակարդակով խրախուսվի, որ գնացեք սպանությունների:

-Համաձայն չեմ Ձեզ հետ, դեռևս պատերազմական տարիներից, երբ մարտական գործողություններ էին իրականացվում, առ այսօր՝ զինադադարի պայմաններում ադրբեջանական ամենատարբեր տրամաչափի, քաշի, դիրքի պաշտոնյաներ անընդհատ հայտարարում են պատերազմը վերսկսելու մասին: Սա բնական է, սա պարտվողի հոգեբանություն է, նրանք պարտություն են կրել այս պատերազմում և նման հայտարարություններ անում են, արել են, և անելու են: Հավատացնում եմ Ձեզ, որ եթե երբևէ ադրբեջանցիները զգան, որ շատ ավելի ուժեղ են, քան մենք, նրանք առանց վարանելու պատերազմը կվերսկսեն։ Բայց, փառք Աստծո, և՛ մեր բանակն է տեղում, և՛ մեր ոգին է շատ բարձ մակարդակում, և՛ զինվորների, սպաների ընդհանուր պատրաստականությունը, և՛ հատկապես կամավորական շարժումն է այսօրվա դրությամբ ավելի պատրաստված: Տասնյակ հազարավոր նոր երկրապահներ պատրաստ են հաշված ժամերի, օրերի ընթացքում գտնվել բանակի կողքին։

Հայտնի խոսք կա՝ ուզում ես խաղաղություն, միշտ պատրաստ եղիր պատերազմի: Մենք, և ոչ միայն մենք, այլ ողջ համակարգը ու այդ թվում՝ նաև քաղպաշտպանության համակարգն է առաջ շարժվում: Անընդհատ փորձում ենք պատրաստ լինել պատերազմին, որպեսզի պատերազմ չլինի:

-Ասում եք՝ բանակի ու կամավորների ոգին, բայց անկախությունից հետո այս տարիների ընթացքում բազմաթիվ ներքաղաքական իրադարձություններ տեղի ունեցան, շատ ազատամարտիկներ վիրավորվեցին, խռովեցին, գնացին, բաժանվեցին տարբեր թևերի: Արդեն ստիպված իրենց խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար խառնվում են ներքաղաքական պրոցեսների, պահանջում են իշխանափոխություն։ 

-Արդեն որպես ԵԿՄ փոխնախագահ եմ ասում՝ այս տարիների ընթացքում ազատամարտիկների հարյուրից ավելի կազմակերպություններ են ստեղծվել, սակայն նրանցից ոչ մեկը երկար կյանք չի ունեցել: Նույն տղերքն են, մեր նույն մարտական ընկերները, որոնց հետ միշտ էլ կապը պահում ենք, նրանք երբեք մեզ թշնամի չեն կարող լինել, որովհետև մենք նրանց հետ ճանապարհ ենք անցել: Եվ, հավատացեք, նման կազմակերպությունները հերթով ստեղծվում են, հերթով էլ կազմալուծվում, և էդ տղերքը բոլորն էլ վերադառնում են Երկրապահ: Սրա պատճառն այն է, որ շատ քաղաքական գործիչներ, ուժեր շեղում են նրանց, փորձում են ազատամարտիկներին օգտագործել:

Բայց մենք՝ Երկրապահը, գտնում է, որ յուրաքանչյուր ազատամարտիկ, որպես երկրապահ կամավորական, պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից: Այլ հարց է, եթե ուզում են որպես ՀՀ քաղաքացի քաղաքական գործիչ դառնալ, նաև ԱԺ պատգամավորներ ու կուսակցականներ: Իսկ Երկրապահը պետք է գործի միայն ու միայն արտաքին թշնամու դեմ:

-Բայց չեք կարծո՞ւմ, որ օբյեկտիվ պատճառներով այդպես չէ: 

-Օբյեկտիվ պատճառները շատ-շատ են: Բայց, գիտեք ինչ, պատերազմից հետո 20 տարի է անցել, վերջապես ազատամարտիկների, երկրապահ կամավորականների մասին օրենք է ընդունվել: Այսօր մտածում ենք այդ օրենքի իրականացման գործնական մեխանիզմների մասին: Բազմաթիվ այլ քայլեր են արվում: Գիտեք, պատերազմ տեսած շատ երկրներում էլ վետերաններ կան, ի վերջո, կան թերություններ: Խոսենք նաև լավի մասին՝ ո՞ր երկրում են զոհվածների, բոլոր կարիքավոր առաջին և արդեն նաև երկրորդ խմբի հաշմանդամ ընտանիքներին ապահովում բնակարաններով:

Հավատացեք՝ ոչ մի երկրում, այդ թվում՝ նաև հայտնի գերտերություններում: Ու այնտեղ խնդիրները շատ ավելի շատ են, և այդ երկրներում վետերանները շատ հաճախ պատուհաս են դառնում այդ երկրների գլխին: Լսե՞լ եք՝ մեզ մոտ, որ որևէ օր պատերազմի մասնակիցները ամեն ինչ ջարդուփշուր անեն: Չէ, մենք ունենք տոներ, որ շատ բարձր մակարդակով տոնում ենք, իսկ օրինակ՝ նույն Ռուսաստանում ռազմադեսանտային ուժերի օրը ինչեր են լինում: Ի վերջո, պետք է հասկանալ՝ պետությունն այդ ամենը մեկ օրում անելու հնարավորությունը չունի:

-Այսօր քաղաքացիական պաշտպանության լսումների ժամանակ սահմանամերձ գյուղերի գյուղապետները ժամանակ առ ժամանակ տարբեր առաջարկներ էին անում, և նրանցից մեկն էլ այն է, որ սահմանամերձ գյուղերի բնակչությանը տրվի զենք: Ձե՛ր կարծիքը: 

-Կոնկրետ՝ Խաչիկի գյուղապետն էր, որ նման առաջարկ արեց, ես միանգամայն համաձայն եմ: Իհարկե, այդ պրոցեսը պետք է խիստ վերահսկողության տակ լինի, սակայն հայ տղամարդը, ապրելով սահմանամերձ գոտում, պետք է իր տանը զենք ունենա։ Սա իմ հստակ կարծիքն է: Եվ նաև կարծում եմ, որ սահմանամերձների համար պետք է շատ ավելին արվի:

-Սպառազինությունների այս մակարդակում դա օգուտ կբերի՞: 

-Իհարկե, դիվերսիոն խմբեր են գործում հակառակորդի տարածքից, իսկ մեր տղամարդիկ զենք չպե՞տք է ունենան, որ այդ խմբերի դեմն առնեն: Մեր 18 տարեկան զինվորները ցույց տվեցին՝ ինչպես են կարողանում Թուրքիայում նախապատրաստված շատ ավելի պրոֆեսիոնալ խմբերի վնասազերծել՝ զինաթափել ու ոչնչացնել:

-Այսօր քաղաքացիական պաշտպանության լսումների ժամանակ, երբ իրավասու շրջանակները ներկայացնում էին , թե ինչ աշխատանքներ են տարվում Հայաստանում ապաստարանների, թաքստոցների վերակազմավորման ուղղությամբ, դրանք վերագործարկելու կապակցությամբ, տպավորություն էր, թե ինչ-ինչ վտանգների մասին պետական կառույցներն ու մյուս շրջանակները տեղյակ են, և խոսք է գնում պատերազմից առաջ քաղպաշտպանության տարրական միջոցառումների մասին բնակչությանը տեղյակ պահելու մասին: Հատկապես, երբ շատ փորձագետներ նշում են պատահական կամ նախապատրաստվող պատերազմի հավանականության մասին: 

-Նման տագնապի կարիք չկա, պարզապես, մեր տարածաշրջանի, մեր հարևանների առկայության պայմաններում մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի, որովհետև 1994 թվականին ոչ թե վերջնական խաղաղություն է հաստատվել, այլ հրադադար է կնքվել: Եվ արդեն երկար տարիներ, մենք հարևան հանրապետության հետ ունենք ոչ թե սովորական սահման, այլ խրամատներ, ինչը, իհարկե, նորմալ իրավիճակ չէ, և վաղ թե ուշ հարցը պետք է կարգավորել դիվանագիտական, ոչ պատերազմական ճանապարհով:

Ուզում եմ հիշեցնել, որ քաղպաշտպանության ոլորտը շատ կարևոր ոլորտ է, և միշտ այս ուղղությամբ աշխատանքներ տարվել են, պարզապես վերջին տարիներին շատ ավելի ակտիվ են դրանք եղել այն պարզ պատճառով, որ ոչ թե կոնկրետ պատերազմի վտանգ կա, այլ երկրում այս ուղղությամբ բարեփոխումներ են իրականացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել