Պատահում է այնպես, որ մեր ճանապարհին հանդիպած անծանոթ մարդը մեզ համար հարազատ է դառնում։ Ինչպես ժողովրդական խոսքն է ասում` ճակատագրում բոլոր մարդիկ էլ կարևոր են. ոմանք հաջողություն են բերում, ոմանք` փորձ։ 

Նման մի բան էլ պատահեց 52–ամյա ֆերմեր Հերի Բենթլիի հետ, Ալաբամայից։ Նրան հաջողվեց 42 տարի անց որոնել և գտնել այն բուժքրոջը, ով հոգ էր տարել իր մասին սրտի վիրահատությունից հետո։ Դա տեղի էր ունեցել հեռավոր 1973 թ.–ին, անգլիական Բիրմինգհեմ քաղաքում։ Մանկատան որբ սանն անհապաղ վիրահատության կարիք ուներ։ Երեխայի վիճակը շատ ծանր էր, և այդ օրերին քչերն էին հավատում, որ նրան կհաջողվի փրկվել։

Բայց այդ, ծանր օրերին Հերին հավատարիմ ընկեր գտավ` երիտասարդ բուժքույրը, ով ամեն կերպ հոգ էր տանում տղայի մասին։ Բարի աղջիկն օր ու գիշեր նստում էր երեխայի մահճակալի մոտ` լավ հասկանալով, որ տղան ուրիշ ոչ մեկ չունի։

Շնորհիվ այդ ջերմ հոգատարության, տղային հաջողվեց փրկվել։ Տղայի և երիտասարդ բուժքրոջ ճանապարհները բաժանվեցին։ Եվ Հերին այլևս ոչինչ չլսեց այն հոգատար աղջկա մասին, ով մոր պես հոգ էր տարել իրեն։ Այն ամենը, ինչ նա ուներ, բուժքրոջ հետ արված լուսանկարն ու նրա անունն էր։ 

Եվ ահա, տարիներ անց Հերին որոշում է գտնել իր պահապան հրեշտակին։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրում է այդ հին լուսանկարն ու, մանրամասն նկարագրելով իր պատմությունը, խնդրում մարդկանց, որպեսզի Քեթիի (այդպես էր բուժքրոջ անունը) մասին նվազագույն տեղեկություն իմանալու դեպքում անմիջապես տեղյակ պահեն իրեն։

Որքան էլ տարօրինակ է, բայց կարծես թե այն պնդումը, որ բոլոր մարդիկ ինչ–որ տեղ միմյանց կապված են, իրական է։ Հերին ստիպված չեղավ երկար սպասել։ Առաջինն արձագանքեցին բուժքրոջ աղջիկները, իսկ այնուհետև` անձամբ Քեթին։

Վերջերս կայացավ Քեթի Հիզերի և Հերի Բենթլիի երկար սպասված հանդիպումը։ Հերին հազիվ էր զսպում իր արցունքները, որպեսզի իր փրկչից շնորհակալություն հայտնելիս չարտասվի։ Նրանք չէին հադիպել 42 տարի...
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել