Դղրդում են լեռները…

Հայոց աշխարհում արյուն է թափվում: Հայոց տունը կռիվ է ընկել: Օրը ցերեկով գյուղացու վրա, որը դարեր ի վեր իր քրտինքով հող է մշակում, տունն է շենացնում, բերք է  տալիս, ժողովուրդ պահում, զենք են բարձրացնում, անզեն մարդու տունն են քանդում… Թշնամին մեկ վայրկյանում, աչքը դուրս պոռնիկի նման, հարձակվում է գյուղերի վրա: Հայաստան աշխարհի հյուսիս-արևելյան հատվածը ռմբակոծում է վախկոտի պես, չի էլ սպասում՝ զորքը հայոց ոտքի ելնի: Բահով հողագործի դեմ հրանոթով է կռվում:

Ոսոխը ստորաբար հարձակման է անցել Արցախի և Հայաստանի բոլոր ուղություններով: Ժամերի ընթացքում Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից հավաքվում են կամավորական ջոկատներ, որոնք, խումբ-խումբ կազմելով, մեկնում են սահման:

Հանրապետության հրապարակում ժողովուրդը ոտքի ելած, մեկ բռունցք դարձած գոռում էին. «Անկախ Հայաստան»: Առաջնորդները հավաքի մեր օրերի հերոսներն էին. նրանք  ոտքի ելան և ղեկավարեցին ժողովրդին հայոց:

Թեժ մարտերը Շուշիում էին: Մեծն Կոմանդոսը, իր ղեկավարության տակ վերցնելով Շուշիի ազատագրման հարցը, իր հովանու ներքո հավաքեց լավագույն ջոկատների մահապարտներին: Որոշումն ընդունված էր՝ ազատագրել Շուշին՝ նշանակում է հաղթել պատերազմը: Սպարապետը հայոց իր քաջ զինվորներով նույնպես միացավ այդ կյանքի և մահվան կռվին: Մեկ գիշերում հուժկու հարվածով հայոց բանակը ներխուժեց Շուշի: Բերդաքաղաքում բարձրացվեց դրոշը եռագույն, իսկ պարիսպների տակ բանակը հայոց ավանդական զուռնա-դհոլով, ֆիդայական խրոխտ երգերով քոչարի պարեց: Սեպը խրվեց. կռվի հաղթողները սրբազան հողի տերերն էին: Շուշին մերն է: Սրբազանի սուրբ խաչով օծվեց եկեղեցին դարավոր, որը հողին էր հավասարացրել տականքը հարևան:

Այս մտքերը տանջում էին նրան… Նա, ով ժողովրդի հերոսն է, ուժը բանակի, ոգեշնչման աղբյուրը հայ զինվորի… Նա՝ մորուքով, բարձրահասակ, սևահեր արջը… Նա, ում ճանաչում էին քչերը, բայց վախենում բոլորը. նրա մտքերը խառն էին, ցանկությունը՝ մեկը. նա երազում էր ազատ, անկախ  Հայաստանի մասին, կյանք էր տալիս, խրոխտ քայլում սահմանի երկայնքով՝ չվախենալով թշնամու նենգ քայլերից: Կանգնում էր սահմանին և գոռում դեպ թշնամին. «Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից»: Նրա մտքերը խառն էին. մտքեր, որոնք ամեն վայրկյան տանջում էին նրան ներսից: Հայոց արջն առաջին անգամ իր կյանքում չգիտեր՝ ինչ անել…

Սա էին նրա մտքերը, բայց, ավաղ, սուգը պատեց Հայոց տանը, թշնամու քյոռ գնդակին հաղթած արջն ընկավ սեփական ազգի անօրեն զավակի ձեռքից…

Անցան տասնամյակներ, հայոց լեռները կրկին դղրդում են, կրկին զինադադար, կրկին կռիվ… Օհանյանն իր զինակից եղբոր պես տատանվում է,  նույն մտքերը նրան են պատել…

Ռեգինա Ամատունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել