Երեկ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ վարչապետների ակումբի առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ երրորդ հանրապետության որոշ վարչապետներ` Հովիկ Աբրահամյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Խոսրով Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում, ինչպես նախօրոք արդեն նշվել էր, հիմնականում քննարկվել են տնտեսությանն առնչվող մի շարք հարցեր: Սակայն, հաշվի առնելով քաղաքական զարգացումներն ու Սահմանադրական փոփոխությունների շուրջ առաջացած հակասական կարծիքները, անդրադարձ է կատարվել նաև այդ թեմային:

Լրագրողների հետ զրույցում Հրանտ Բագրատյանը, չցանկանալով խոսել տնտեսության հետագա զարգացման մասին, միայն նշեց, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ինֆորմացիայի փոխանակություն, որի ընթացքում էլ պարզ դարձավ, թե որն է իրենց հիմնական խնդիրը:

Հարկ է նկատել, որ ներկա գտնված վարչապետներից յուրաքանչյուրը, սկսած 90-ականներից, ստանձնելով գործադիրի ղեկավարի պաշտոնն ու տիրապետելով քաղաքական դաշտի նրբություններին, կարող է իր լուման ունենալ ինչպես մի շարք տնտեսական ծրագրերի իրականացման, այնպես էլ կառավարության` այլ նախագծերի մշակման հարցերում:

Հանդիպումից հետո նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ սա շատ կարևոր է այն առումով, որ մեր իրականության մեջ նախկինները կարծեք թե մոռացվում են, այնինչ նրանց փորձն ու հմտությունները, որոշումներ կայացնելու ունակությունները կարող են օգտակար լինել: Հարությունյանի խոսքերով` այս հարթակը կարող է դառնալ շատ կարևոր խորհրդատվական առաքելություն իրականացնող հարթակ ինչպես գործող վարչապետի, այնպես էլ բարձրաստիճան մյուս պաշտոնյաների համար:

Թե որքա՞ն արդյունավետ կլինի այս նախաձեռնությունը, ու թե ի՞նչ ընթացք կստանան հետագա իրադարձությունները` դժվար է ասել: Հուսանք, որ այս և դեռ սպասվելիք հանդիպումների արդյունքները մոտ ապագայում շոշափելի կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել