Հայաստանի և ԼՂՀ սահմանն անառիկ պահելու համար բազմաթիվ հայորդիներ զոհվել են, ոմանք՝ դարձել զինհաշմանդամ, իսկ մյուսները, բարեբախտաբար, ողջ մնացել: Վիրավոր տղաների առողջությունը պահպանելու համար պետությունը միշտ էլ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, բայց հաճախ վիրավորների առողջությունն ամբողջությամբ բուժելու համար պահանջվում է ավելին:

Այս օրերին շատերն անդարադարձան հայ-ադրբեջանական շփման գծում 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ծանր վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանի խնդրին, որն էլ բազմաթիվ տարակարծությունների տեղիք տվեց: Գևորգի բուժման համար ՊՆ-ն մեկ անգամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, բայց երկրորդ անգամ չի կարողանում: (հղում): Այս խնդիրն այնքան կարևոր է, որ հարկ եմ համարում նշել, որ նման խնդիր ունենք նաև արցախյան ազատամարտի տարիների զինհաշմանդամների դեպքում: Չեմ կարող չհիշատակել, որ «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ-ի ուշադրության կենտրոնում եղել և այսօր էլ մնում է Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի բնակիչ, ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից պարգևատրված, ազատամարտիկ Մկրտիչ Սուքիասյանի առողջական խնդրի հարցը: Բանն այն է, որ Մ. Սուքիասյանի սիրտը վիրահատել են, ՊՆ-ն հիվանդանոցին վճարել է 1 մլն դրամ, սակայն վիրահատության գումարը կազմել է երկու անգամ ավել, իսկ հիվանդանոցը (Համալսարանական թիվ 1) դիմել էր դատարան՝ մնացած գումարը բռնագանցելու պահանջով: (հղում) 

Բարեբախտաբար, հնարավոր եղավ հիվանդանոցի հայցն ընդդեմ Սուքիասյանի ետ վերցնել, բայց, միևնույնն է, հիվանդանոցը կես միլիոն դրամն, այնուամենայնիվ, պահանջում է՝ հաշվի չառնելով, որ ազատամարտիկն ի վիճակի չի աշխատելու, չունի սեփականություն և հաշմանդամության թոշակով խնամում է անչափահաս (4 տարեկան) երեխային: (Մ.Սուքիասյանին օգնել ցանկացողներին կարող եմ տրամադրել նրա բջջային համարը):

Իմ խորին համոզմամբ՝ պատերազմող երկրի համար այս խնդիրներն ու դրանից բխող անցանկալի հետևանքները պետք է լինեն ուշադրության կենտրոնում: Ես ինչպես չեմ կասկածում, որ Սուքիասյանի տղան կծառայի բանակում, այնպես էլ՝ Գևորգի եղբայրը կգնա բանակ:
Ներողություն, իսկ չի՞ կարելի անել այնպես, որ ՊԲ-ի բյուջեն հաստատելուց առաջ այս խնդրին մեծ տեղ տրվի, քանի որ խնդիրը լուծում չստանալու դեպքում պատճառ է դառնում բազմաթիվ արատավոր երևույթների: Դրա վառ ապացույցն էլ այն է, որ նմանատիպ լուրերն ընթերցող քաղաքացիներից բոլորը չէ, որ կողմ են արտահայտվում բանակում ծառայելուն՝ մատնանշելով վերը շարադրված փաստերը կամ բերելով իրենց օրինակը:

Տվեք ՊՆ-ին գումար զենք-զինամթերքի համար, բայց այս խնդիրն աչքաթող մի՛ արեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել