Վաղուց, շատ վաղուց, երբ երկրի վրա դեռ իշխում էին թագավորությունները, թագավորներից մեկը մի փորձություն է մտածում: Թագավորություն մտնող գլխավոր ճանապարհի վրա, որով անցնում էին բոլոր առևտրականներն ու գյուղացիները, նա մի մեծ քար է տեղադրում: Ապա թաքնվում է ճանապարհից դուրս, թփերի հետևում և սկսում հետևել: Ճանապարհով շատ մարդիկ են անցնում՝ իշխանավորներ, ազնվականներ, առևտրականներ, բայց նրանք, տեսնելով քարը, ոչինչ չեն անում, այլ պարզապես անցնում են կողքով:
Առևտրականներից ոմանք էլ, իրենց ծանր բեռներով հասնելով քարին, սկսում են բարկանալ և գոռգռալ. «Ինչո՞ւ այս քարն այստեղից չեն հեռացնում, չէ՞ որ այն խանգարո՛ւմ է մեզ», բայց կրկին ոչինչ չեն անում: Ճանապարհով անցնում է մի գյուղացի՝ ձեռքերում բանջարեղենով լի զամբյուղներ: Տեսնելով քարը՝ նա վար է դնում զամբյուղները և փորձում հրել քարը ճանապարհից դուրս: Բայց քարը մեծ էր, և մոտ մեկ ժամ տանջվում է գյուղացին, մինչև նրան հաջողվում է դուրս հանել այն ճանապարհից: Երբ նա պատրաստվում է վերցնել զամբյուղները և հեռանալ, նկատում է մի քսակ: Երբ բացում է այն, տեսնում է մեջը լիքը ոսկի և մի գրություն. «Այս ոսկին նախատեսված էր նրա համար, ով կհեռացներ քարը ճանապարհից: Դուք ինքներդ պետք է հեռացնեք խոչընդոտները Ձեր ճանապարհից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել