ԵՄ-ում քաղապաստան հայցող հայաստանցիների ահռելի թիվն (10 հազար մարդ՝ 2 տարում) ու էդ թվի աճող միտումը շշմեցնող է։ Էդ մարդկանց մի փոքր մասն ընդդիմադիր լինելուց ծագած խնդիրների պատճառով է գնում, ինչքան հասկանում եմ (ես անձամբ մի քանիսին ճանաչում եմ)։ Ընդդիմադիր լինելը Հայաստանում, իրոք, հերոսության նման մի բան է դառել՝ բուհում, աշխատատեղում... Իսկ այ իշխանություններին քծնելն ու ընդդիմադիրներին քլնգելն ապահով է ու եկամտաբեր, հատկապես եթե հանրապետականների քամակը լիզելուց լավ ես։ Էնպես չէ, որ, ասենք, ես ու մյուս ընդդիմադիրները չէինք կարող հանրապետական դառնալ կամ ծախվել իշխանություններին, ուղղակի մենք մեր արժանապատվությունն ու ազատությունն ավելի կարևոր արժեք ենք համարում։

Մի զգալի մասն էլ, ինչքան հասկանում եմ, գնում է բանակի, բուժման, կրոնական համոզմունքների ու սեռական կողմնորոշման պատճառով։

Բայց մեծ մասը, իմ համոզմամբ, զուտ սոցիալ-տնտեսական դժվարությունների ու ավելի լավ ապրելու պատճառով է գնում՝ փաստաթղթերում «քաղհալածյալ» ձևակերպվելով։ Անկախ ամեն ինչից՝ ոչ ոք իրավունք չունի դատելու/դատափետելու գնացողներին, որովհետև հենց մնացողների մեղքն է առաջին հերթին, որ չենք կարողանում գնացողներին համոզել/համապատասխան միջավայր ստեղծել, որ մարդիկ մնան, պայքարեն ու հեռանկար տեսնեն Հայաստանում։ Մեղադրանքի միակ թիրախն իշխանություններն ու նրանց քծնողները պետք է լինեն։ Ընկերներիցս մեկը մի կարևոր փաստարկ բերեց՝ Հայաստանը Եվրոպայի հետ կապ չունի՝ ընտրել է իր ուղին դեպի «բարեկեցիկ» ԵՏՄ՝ այս իշխանություններով, հետևաբար նրանք, ովքեր նախընտրում են Եվրոպան ու եվրոպական բարեկեցությունը/արժեքները, ստիպված լքում են երկիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել