ԱՄՆ-ում բիոքիմիկոսների թիմին հաջողվել է մարդուն գիշերային մթության մեջ տեսնելու կարողություն տալ։ Գիտնականներն իրենց ստեղծած նյութը ներարկել են գիտափորձի կամավոր մասնակցի աչքերին՝ հնարավորություն տալով նրան մի քանի ժամ շարունակ ամբողջական մթութան մեջ տեսնել՝ մինչև 50 մետր հեռավորության վրա։ 


Մարդուն այս սուպերկարողությունը պարգևող նյութի հիմքը քլորին-e6 (Ce6) կոչվող նյութն է, որը ստանում են ծովային արարածներից։ Այն արդեն տարիներ շարունակ օգտագործվում է քաղցկեղի բուժման միջոցների հետազոտություններում։ Ce6-ն արդյունավետորեն օգտագործվել է նաև գիշերային կուրության բուժման ու խավար լուսավորության տեսողությունը բարելավելու նպատակով։
Կալիֆորնիայում ապրող բիոքիմիկոսների անկախ թիմը («Գիտություն բոլորի համար») որոշեց ավելի առաջ գնալ ու տեսնել, թե այս նյութի միջոցով այլ կերպ ինչպես կարող են լավացնել մարդու տեսողությունը։

Գաղափարը ծագեց 2012թ-ին ներկայացված գիտական արտոնագրից, որի համաձայն՝ Ce6-ի, ինսուլինի և սալինի խառնուրդը մարդու աչքի մեջ կաթեցնելու դեպքում ցանցաթաղանթն այն կլանում է ու ցածր լուսավորության պայմաններում մեծացնում տեսողությունը։ Արտոնագրի զեկույցի համաձայն՝ ինսուլինը կարելի էր փոխարինել նաև դիմեթիլսուլֆօքսիդի հետ, սակայն անկախ գիտնականների թիմը որոշեց, երկուսն էլ օգտագործելով, մեծացնել թափանցելիության ազդեցությունը։

Թիմի անդամներից Ջեֆրի Թիբեթսը նշել է, որ նախկինում փորձարկումներ են արվել առնետների վրա, ինչպես նաև դեռ 60-ականներից նյութն օգտագործվել է տարբեր տեսակի քաղցկեղների բուժման համար հետազոտություններում։ Այժմ բիոքիմիկոսները որոշել են հաջորդ քայլն անել։

Գիտնականներին օգնության է հասնել Գաբրիել Լիսինան՝ գիտափորձին որպես կամավոր մասնակցելով։

Փորձարկումն իրականացնելու համար սուբյեկտի աչքերը սալինով մաքրվել են ամեն տեսակ միկրոմասնիկներից կամ փոշուց։ Այնուհետև կոպերը հատուկ ամրակներով ամրացվել են այնպես, որ կանխվի աչքերի հնարավոր թարթելը, որի արդյունքում հեղուկը կարող էր մինչև կլանվելը դուրս թափվել աչքից։
Յուրաքանչյուր աչքին կաթեցվել է 3 չափաբաժնով 50 միկրոլիտր (0.05 միլիլիտր) Ce6-ի խառնուրդ։

Յուրաքանչյուր ներարկումից հետո ճնշում է գործադրվել աչքերի անկյունային հատվածներին այնպես, որ հեղուկը չհոսի դեպի քթային ուղիներ։ Հեղուկի կլանումից հետո կոպերի ամրակները հանվել են, և յուրաքանչյուր աչքին տեղադրվել է ակնագնդի սև բնապատյան՝ աչքերի մեջ լույսի հնարավոր թափանցումը կանխելու համար, ինչպես նաև արևային մուգ ակնոցներ՝ մինչև փորձարկման վայր տեղափոխվելն ամեն տեսակ լույսի՝ աչքերի մեջ թափանցումը բացառելու նպատակով։

Լիսինան այնուհետև մութ տարածություն է տեղափոխվել, որտեղ սպասել է աչքերում կաթեցված նյութի ազդեցությունը զգալու համար։ Մոտ մեկ ժամ անց նա սկսել է 10 մետր հեռավորության վրա տեսնել առարկաների ձևը։ Շուտով այս տարածությունն ընդլայնվել է մինչև 20 մետրի և, ի վերջո, հասել մինչև 50 մետրի։ Լիսինինան կարողանում էր գունային տարբեր հետին պլանների վրա տարբերել սիմվոլները, տառերը և առարկաների ձևերը։
Հաջորդ փորձարկումը տեղի է ունեցել անտառում, որտեղ Լիսինայից պահանջվել է գտնել 50 մետր հեռավորության վրա գտնվող մարդականց։ Արդյունքները բավականին  ֆենոմենալ էին, և Լիսինան կարողացել է գտնել բոլոր մարդկանց։

Գիտափորձից հետո՝ 20 օր անց, դրա ազդեցությունն ամբողջությամբ անցել է առանց որևէ վնասակար արտաքին ազդեցություն թողնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել