ՖԲ-ի՝ «ինչի՞ մասին եք մտածում» հարցին պատասխանեմ.
Ուրեմն, Հայաստանի մասով հետևյալի մասին եմ մտածում.
1. Եթե իշխանություն ես կամ իշխանության մաս, ապա պիտի թալանես, որ վերարտադրվես նորից: Առայժմ դեռ այլ կերպ չի էլ եղել, իսկ ավելի շուտ՝ վստահություն կոչվածի մշակույթը ձևավորված չէ դեռ, ու աստված գիտի...
2. Եթե իշխանություն չես, ապա ցանկացած ձևաչափով իշխանությունների հետ համագործակցություն թեկուզ որոշ դրական տեղաշարժ արձանագրելու պարագայում էլ բնութագրվում է որպես ծախվածություն:
3. Եթե իշխանություն չես ու ոչինչ չես կարող անել իշխանությունների հեռացման համար, որը, բնականաբար, ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնության ցանկությունն է, անկախ նրանից, թե ումով կփոխարինվի այն, ապա հայհոյանքներ տեղալով կամ հերթական անգամ մարդկանց հիասթափության գիրկը գցելով՝ անում ես ոչինչ, եթե ոչ ավելի վատը, քան իշխանությունները:
4. Եթե նոր անհատներ նոր նախաձեռնություններով են հանդես գալիս, ինչքան էլ որ իրենց գործողություններում լինեն ազնիվ, անկախ վերջնական արդյունքին հասնել-չհասնելու գործոնից կամ դրա հաշվարկի ճիշտ կամ սխալ լինելուց, բնութագրվում են որպես նոր ընդդիմադիր դաշտի ձևավորում իշխանությունների ուղղորդմամբ (դե տեսել են գեղամյաններ, արթուրիկներ, բարգավաճականներ և այլն)։
5. Ավելի վատթարն էլ կա, այն, որ շատ հաճախ նույն չսիրված, չընդունված, ձախողված իշխանություններին քննադատում են այնպիսի ուժեր ու այնպիսի ջանասիրությամբ են խոսում ժողովրդավարությունից, ազատություններից, կոռուպցիայից և շատ արատավոր ու անընդունելի երևույթներից, երբ նրանց «բախտ վիճակվել» է և այն էլ ոչ կարճ ժամանակահատված լինել իշխանություն, ու վերոնշվածի նույնիսկ տարրերը չեն նկատվել, իսկ ավելի ստույգ՝ բոլոր բացասական երևույթներն ուղղակի արմատավորվել են այդ տարիներին:
Վերջապես ընդունես-չընդունես, սիրես-չսիրես, քննադատես-չքննադատես, իշխանությունները շարունակում են մնալ իշխանության ղեկին և իշխանավարել այնպես, ինչպես ուզում են երևի և ինչպես չեն ուզում շատ-շատերն արդեն առանց «երևի»-ի:
Հիմա ՖԲ-ի հարցին արդեն հարցով.
ա)ԼԱՎ, ԲԱ Ի՞ՆՉ ԱՆԵԼ։
բ)Ո՞ՐՆ է ՃԻՇՏԸ ՎԵՐՋԱՊԵՍ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել