Լինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ ջրվեժը նշանակում է` չլինել Ջերմուկում: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը: Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին, գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում: Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն: Ամեն օր կեսգիշերից հետո ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն իշխանը, շուտով իմանալով այդ մասին, գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա: Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդն անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել