Ռուս օգտատերերից մեկի անչափ հուզիչ և զգացմունքային պատմությունը.

«Տատիկս միշտ ասում էր, որ ծանր շրջափակումն ու սովը մեր ընտանիքը կարողացավ հաղթահարել միայն Վասկա անունով կատվի շնորհիվ։ «Եթե չլիներ այդ խուլիգանը, ես և աղջիկս վաղուց սովից մահացած կլինեինք»,– միշտ կրկնում էր նա։ 

Ամեն օր Վասկան որսի էր դուրս գալիս և օրվա վերջում մկներ, իսկ երբեմն էլ չաղ առնետներ էր իր հետ բերում։ Մկներից տատիկն արգանակ էր պատրաստում, իսկ առնետներից ոչ այդքան վատ գուլյաշ էր ստացվում։
Այդ ողջ ընթացքում կատուն նստում էր նրանց կողքը և սպասում ուտելիքի պատրաստմանը, իսկ գիշերը պառկում էր միևնույն ծածկոցի տակ և տաքացնում նրանց իր մարմնով։
Ռմբակոծումն օդային տագնապ հայտարարելուց ավելի շուտ էր զգում. սկսում էր պտտվել և անդադար մլավել։ Տատիկը հասցնում էր հավաքել իրերը, ջուրը, վերցնել մայրիկին, կատվին և փախչել տնից։ Երբ վազում էին դեպի ապաստարանները, տատիկը միշտ ուշադիր էր լինում, որ կատվին ընտանիքի անդամի պես վերաբերվեն և չգողանան ու չուտեն։

Սովը սարսափելի էր։ Վասկան բոլորի պես քաղցած ու նիհար էր։ Ամբողջ ձմեռ տատիկը փշրանքներ էր հավաքում թռչունների համար, իսկ գարնանը կատվի հետ դուրս գալիս որսի։ Տատիկը շաղ էր տալիս փշրանքները և Վասկայի հետ սպասում մոտակա թաքստոցում. վերջինիս ցատկը միշտ դիպուկ էր և արագ։ Վասկան նրանց հետ հավասար սոված էր մնում, և երբեմն ուժը չէր հերիքում պահել որսած թռչուններին։ Այդ հարցում նրան օգնում էր տատիկը։ Այնպես որ գարնանից մինչև աշուն նրանք նաև թռչուններով էին սնվում։

Երբ շրջափակումը վերացրին և շատ ուտելիք հայտնվեց, նույնիսկ պատերազմից հետո տատիկը միշտ ամենալավ կտորները կատվին էր տալիս։ Նրբորեն շոյում էր նրան և անընդհատ կրկնում` «մեր կերակրողը»։

Վասկան սատկեց 1949 թ.–ին, և տատիկը նրան գերեզմանատանը թաղեց, և որպեսզի գերեզմանը ոտքի տակ չտային, փոքրիկ խաչ տեղադրեց և վրան գրեց «Վասիլի Բուգրով»։ Հետո կատվի կողքին մայրիկը թաղեց տատիկին, իսկ հետո ես այնտեղ թաղեցի մայրիկին։ Այդպես էլ ննջում են երեքով մի հողակտորի տակ, ինչպես մի ժամանակ պատերազմի տարիներին, մի ծածկոցի տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել