sefilyanԿարծես բոլորովին վերջերս, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, մենք բացահայտեցինք Հանրապետության թիվ 1 չարիքին և ենթարկեցինք տեղային լիկվիդացիայի: Օպերացիայի արդյունքում նաև յուրօրինակ լյուստրացիա անցավ ֆեյսբուքահայությունը: Թեպետ «Հանրապետության թիվ մեկ չարիքը» դեռևս ԱԺ-ում է, սակայն հետայսու նա խոստացել է չգործել չարիքներ և օրնիբուն զբաղվել օրինաստեղծ գործունեությամբ՝ ի փառս Հայաստանի պառլամենտարիզմի և հայ ժողովրդի: Թվում էր, թե ֆեյսբուքահայության որոշ սեգմենտ կարող էր խորը շունչ քաշեր, սակայն ինչ-որ ներվ կա դաշտում, և այնպիսի տպավորություն է, որ «Հանրապետության թիվ մեկ չարիքը» օպերացիա 2-ի շրջանակներում հայտարարել է շարադրությունների մրցույթ ստորև ներկայացվող թեմաներով՝

– Ժիրայր Սեֆիլյան՝ հերո՞ս, թե դավաճան;

– Ժիրայր Սեֆիլյան, թող NON STOP սգանք մեր 100-ամյա սուգն անմոռուկի ստվերի ներքո, վսեմ անմոռուկը կրծքներիս և արտագաղթելու հույսը սրտներումս:

– Ինչո՞ւ այդպես դաժան, Ժիրո:

Անկեղծ ասած՝ չեմ հանդիսանում Ժիրայր Սեֆիլյանի շարժման մասնակից և մեծ երկրպագու: Ավելին, Youtube-ում 50-60 քլիք ունեցող կոչի դերը չեմ գերագնահատում և չեմ համարում լուրջ մարտահրավեր ֆինանսաբանկային համակարգին: Երկրի մակրոտնտեսական, դեմոգրաֆիական և վիճակագրական ցուցանիշները շատ ավելի մեծ ռիսկեր են պարունակում, քան այդ 100-500 հոգանոց լսարան ունեցող կոչերը, ուստի անհասկանալի է, թե ինչու այդ կարևոր խնդիրների լուծմանը և դրանց հարուցողներին չեն ուղղված մեր պայծառ մտքերի թռիչքները և խրատները: Ամեն դեպքում տհաճ է տեսնել, թե ինչպես ով չի ալարում, լոլո է կարդում Ժիրայրի գլխին և ռազմահայրենասիրական խրատներ է տալիս նրան: Կցանկանայի, որ նրան հայրենասիրության խրատներ տվողների կամ դավաճան ներկայացնողների գոնե 1%-ն անցած լիներ նրա անցած ճանապարհի մի մասը կամ հայրենիքի հանդեպ ունենար Սեֆիլյանի ունեցած ավանդի գոնե 5%-ը: Ինչ վերաբերվում է Սեֆիլյանին, ապա ասեմ, որ ես տեսնում եմ մի մարդու, ով կռվել է Արցախի ազատագրման համար և ունի մեծ վաստակ դրանում, ով 25 տարի շարունակ այդ փաստը չի ծառայեցրել անձնական շահին (բիզնեսին, բեսպրեդելին, դղյակների կառուցմանը….): Տեսնում եմ մի մարդու, ով մտահոգ է երկրի արդեն կրիտիկական աստիճանի հասնող խնդիրներով, սակայն չունի երեսփոխանի՝ քաղաքական առևտրի բավականաչափ խարիզմա իր նախանշած ծրագիրն ավարտին հասցնելու համար:

Միգուցե  նաև չարաչար սխալվում եմ, քանի որ մինչ օրս  Սեֆլիյանի շարժումը գտնվում էր խորը տեղեկատվական շրջափակման մեջ, սակայն թափ ստացող ֆեյսբուքաքլնգոցին, ղարաբաղյան ռազմահայրենասիրական և միասնականության ծեծը կարող են ունենալ քլնգողների/ծեծողների համար անցանկալի և հակառակ էֆեկտ: Չմոռանանք նաև «արմատական» և «գաղափարական» ընդդիմության՝ ԲՀԿ-ի բացակայությունը, ինչը պարարտ հող է անկանխատեսելի դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել