Երևի այլ պարագայում չանդրադառնայի էս տեսանյութին, բայց բառացիորեն ժամեր առաջ վերադարձա հոսպիտալից, որտեղ աչքիս առաջ էլի զինվոր էր, էլի հաշմանդամ դարձած՝ ձեռքն էր կորցրել։

Ու մեկ էլ հո՛պ, Ազատության այս «փառահեղ» նյութը՝ բացարձակ սպեկուլյատիվ ու ըստ իս՝ սադրիչ շեշտադրումներով։ Զինվոր ա, վիրավորվել ա հակառակորդի կողմից ու հաշմանդամ ա դարձել։

«Ազատության» ռեպորտաժը նայելիս մոտս նենց տպավորություն էր, որ ՊՆ-ում դոլար են տպում, ու երկրորդ մասնաշենքում մինչև առաստաղ դոլարի սարեր են դարսած, իսկ էդ խոզ ՊՆ-ն հրաժարվում ա հանձն առնել էս տղայի ճակատագիրն ու վճարել ևս 50.000 դոլար, բացի էն 70000 դոլարից (70000!!!!) ու էլի 300.000 դրամից (Էն, ինչ հնչեցվեծ ռեպորտաժում), որ էս տղուն էլի տանեն Իսրայել։

«Ազատության» արածն, ըստ իս, լավագույն դեպքում ոչ պրոֆեսիոնալ ու թերի աշխատանք է, իսկ վատագույն դեպքում (ու ես դրան հակված եմ)՝ սրիկայություն։ Բացատրեմ. եթե նման նուրբ թեմային նման մանրամասն անդրադարձ ես անում, ու լուրջ լրատվամիջոց ես, ապա ինչո՞ւ հարցում չես ուղարկում իսրայելական այդ կլինիկան՝ գոնե ամբողջական պատկեր ստեղծելու համար։ Իսկ գուցե այդ կլինիկայում հայտարարել են, որ դեպքն անհույս է, ու այս տղան դատապարտված է ցմահ հաշմանդամ մնալ։ Գուցե կլինիկայում ասում են, որ 70000 դոլար արժեցած բուժման կուրսը ոչ մի ակնառու արդյունք չի տվել...

Չեն արել։ Փոխարենը մելոդրամատիկ տոնով մուննաթ են անում, թե բա՝ այ սրիկա Բանակ, ինչի՞ ոչ մի բան չես անում քո զինվորի համար։ Ու բանից չհասկացող ու էմոցիաների տրվող մարդը միանգամից ասում ա. «Հա էլի, ինչ ստոր են դրանք, ինչի՞ 50000 դոլարը չի տալի։ Բա տարել ա, բա պետք ա տեր լինի»։

Ժողովուրդ, Բանակը պետական ինստիտուտ ա ու իր գործունեությունում առաջնորդվում ա օրենքներով, իսկ օրենքը Բանակին պարտավորեցնում ա, որ իր ունեցած նյութական այլ ռեսուրսների սահմաններում կարգավորի խնդիրներ, այդ թվում՝ նաև այս խնդիրը։ Այլ կերպ ասած՝ այս տղայի պարագայում ՊՆ-ն պարտավոր է բուժօգնություն ցուցաբերել ու դեղամիջոցներ հատկացնել այն սահմաններում, որն ինքն ունի, իսկ այ արտերկիր ուղարկելն ու տասնյակ հազարավոր դոլարներ ծախսելն արդեն ոչ մի օրենքով սահմանված չի, ու հնարավոր էլ չէ դա սահմանել, որովհետև Բանակն ինքը եկամուտ չունի, դրա բյուջեն գոյանում է հարկատուների փողերից, ու Բանակը, ինչպես ցանկացած այլ պետական ինստիտուտ, ունի սահմանափակ ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիր։

Հիմա խնդրում եմ, որ մի պահ կտրվեք էմոցիաներից ու մտածեք՝ զուտ ողջամտությունից ելնելով։ Այս տղայի բուժման համար ՊՆ-ն հատկացրել է արդեն մի այնպիսի թիվ, որով Մուրացանում հիմա բուժվող հիվանդներին կարելի էր բուժել մի քանի ամիս, իսկ նրանք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են, այսինքն՝ ասել, որ էս տղային անուշադրության են մատնել ու մոռացել են, մեղմ ասած, արդար չէ։ Այս տղային այնպիսի ուշադրություն են դարձրել, որ ես դժվարանում եմ հիշել որևիցե մի այլ անհատական դեպք, որ հիվանդ կամ վիրավոր զինվորի այդքան միջոցներ հատկացվեն։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ օրենքով ՊՆ-ն պարտավոր չէր նրա՝ Իսրայելում բուժման ծախսերը հոգար, ՊՆ-ն կարող էր նրան հայկական ցանկացած հիվանդանոցում պառկեցներ ու այդ ծախսերը հոգար։ Առավել ևս պարտավոր չէր, որովհետև ի սկզբանե ոչ մի երաշխիք չի եղել, այդ թվում նաև Իսրայելում, որ տղային ոտքի կանգնեցնել հնարավոր է։

Հիմա դառը դիլեման. կա սահմանափակ ռեսուրս, որով դու պարտավոր ես հոգալ զինծառայողների բուժման ծախսերը, ու կա մեկ զինծառայող, որի վրա արդեն աստղաբաշխական գումար է ծախսվել, ու էլի աստղաբաշխական գումար է պահանջվում՝ բացարձակապես ոչ մի երաշխիք չտվող բուժման կուրս անցնելու համար։ Բանակում պետք է որոշեն՝ ի հաշիվ շատերի այդ գումարը տրամադրեն մի՞ հոգու, թե՞, այնուամենայնիվ, որդեգրեն ավելի ողջամիտ կեցվածք։

Իրականում շատ ցավոտ ու նուրբ թեմա է, ու ցավը նրանում է, որ հիմա այս ռեպորտաժի օրինակով կարող եք բազմաթիվ շահարկումների հանդիպել, որտեղ ով չալարի, պոպուլիստական ճառեր ա կարդալու ու դանակ քաշելու բանակի վրա, ու ցավը նրանում է, որ այդ պոպուլիզմի խայծը կուլ են տալու էլ ավելի շատերը։

Անձամբ ես շատ կուզենայի, որ մեր Բանակն այնքան մեծ բյուջե ունենար, որ ինչքան բուժման ծախս գրեին իսրայելցի բժիշկները, մերոնք տային, ու դա տար իր արդյունքը, բայց այս պահի դրությամբ ունենք մի իրականություն, որտեղ նախ չկա այդպիսի գումար, երկրորդն էլ՝ չկա ոչ մի երաշխիք, որ տղան ոտքի կկանգնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել