Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին

Այսօր ՀՀ ԱԺ-ում քննարկում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաշվետությունը: Արդեն իսկ հնչել են բավականին սուր քննադատություններ Հանձնաժողովի աշխատանքների և ՀՀ-ում տնտեսական մրցակցության անմխիթար վիճակի մասին և, համաձայն լինելով հնչած բոլոր գնահատականների հետ, ցանկանում եմ բերել մեկ օրինակ` հասկանալու համար, թե ինչ աղետալի վիճակում է գտնվում տնտեսական մրցակցության վիճակը Հայաստանում:
Վերցնենք ցորենի առևտրի ոլորտը:
Նորմալ տնտեսական մրցակցություն ունեցող պետություններում ցորենի ներկրումով կամ աճեցումով զբաղվում են բազմաթիվ ընկերություններ և անհատ ֆերմերներ: Նրանք ներմուծում են (աճեցնում) ցորենը և այն մեծածախ գներով վաճառում ալրաղացներին: Իհարկե, չի բացառվում, որ ցորեն նեմուծողն ունենա իր սեփական ալրաղացը, սակայն եվրոպական պետություններում դա չի խրախուսվում, հաճախ նաև պատժվում է, եթե ցիկլի երկու շղթաների կենտրոնացումը մեկ գործարարի ձեռքում սահմանափակում կամ խոչընդոտում է ոլորտում գործող այլ սուբյեկներին:
Աղացած ալյուրն իրացվում է մեծածախ և մանրածախ շուկայում` համապատասխան գնային սանդղակներով, որտեղ մեծածախ գնորդներն ալյուրը օգտագործում են հացաբուլկեղենի, մակարոնի և այլ ցորենի հիմքով պատրաստվող մթերքների արտադրության մեջ: Այնուհետև արտադրված մթերքը մեծածախ գներով մատակարարվում է մանրածախ առևտրի կետեր` վերջնական սպառողին այն վաճառելու նպատակով:
Ուշադրություն դարձրեք, թե քանի տնտեսվարող սուբյեկտ մասնակցեց միայն տնտեսության այս մեկ ոլորտում:
Հիմա տեսնենք, թե ինչպես է այս նույն գործընթացը կատարվում Հայաստանում:
Մեկ տնտեսվարող սուբյեկտ Հայաստան է ներմուծում ցորեն, թե ինչ քվոտայով, դեռևս ենթակա է պարզաբանման: Այս սուբյեկտն ունի իր ալրաղացը, որտեղ աղում է ցորենը և ստանում ալյուր: Ստացված ալյուրը ա) վաճառում է մանրածախ իր սեփական խանութների ցանցում, բ) օգտագործում իր սեփական արտադրության մեջ` արտադրելով հացաբուլկեղենի մի ամբողջ շարք և այն նորից վաճառում իր սեփական խանութների ցանցում:
Ի՞նչ ստացվեց, եթե պարզվի, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտը ցորենի ներկրման շուկայում ունի մենաշնորհ կամ շուկայում գերակայող դիրք, ապա շուկայից դուրս մղվեցին, սննկացան կամ այդ սուբյեկտի տիրապետության և տնօրինման տակ անցան հարյուրավոր խոշոր, փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտներ, հետևաբար հազարավոր մարդիկ մնացին գործազուրկ, չկարողացան բանկերին մարել վերցրած վարկերը, վաճառեցին ամեն ինչ և արտագաղթեցին Հայաստանից:
Այս տնտեսական սուբյեկտը տնտեսական քիլլեր է, որին նորմալ պետություններում ոչ միայն կտուգանեն ահռելի գումարով, այլ նաև կենթարկեն քրեական պատասխանատվության:
Իսկ Հայաստանում սա համարվում է նորմալ երևույթ, որի մասին բառ անգամ չենք լսել տնտեսական մրցակցության պաշտպանության համար պատասխանատու սուբյեկտներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել