Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով տնտեսության ներկայիս վիճակից, նշեց, որ ՀՀ-ում 2015թ-ին տնտեսական աճի մասին խոսելն արդեն լուրջ չէ, և այդպիսի կանխատեսումները իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության զարգացման խնդիրը տնտեսական դաշտում չի գտնվում:

-Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը օրերս լրատվամիջոցներին հայտնեց, որ տնտեսական հիմնական ցուցանիշները ավելի բացասական են լինելու, քան ծրագրվել էր 3-4 ամիս առաջ: Ի՞նչ հետևություն պետք է անենք նման հայտարարությունից:

-Ինչի մասին, որ հիմա խոսում են կառավարության ներկայացուցիչները, ակնհայտ էր նաև բյուջեի ընդունման ժամանակ, այսինքն՝ նոյեմբեր-դեկտեմբերին: Իրենք մեր կողմից արված առաջարկություններին որևէ պատասխան չտվեցին: Սեպտեմբերին արդեն պետք էր կանխատեսել, որ նախատեսված ծրագրերը, մասնավորապես՝ 2015-2017թթ-ի զարգացման ծրագիրը, չէր կարող իրականություն դառնալ՝ հենց միայն հաշվի առնելով արտաքին հանգամանքը՝ Ռուսաստանի տնտեսական վիճակը, նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

Այս ամեն ինչը հաշվի առնելով՝ դժվար չէր կանխատեսում անել, որ ՀՀ-ում 2015թ-ին տնտեսական աճի մասին խոսելն արդեն լուրջ չէ և այդպիսի կանխատեսումները իրականությանը չեն համապատասխանում: Կարծում եմ, որ կարող ենք այսպես ձևակերպել՝ դա եղել է սխալ հաշվարկի արդյունք: Համոզված եմ նաև, որ կառավարության ներկայացուցիչներն ուղղակի քաղաքական ինչ-որ նկատառումներից ելնելով՝ չէին ուզում դրա մասին խոսել նոյեմբերին կամ դեկտեմբերին, բայց հիմա ստիպված են:

Ներկայումս կառավարությունը բյուջետային պարտավորությունների կատարման համար չունի ֆինանսական հնարավորություններ, և հիմա պետք է այդ ամեն ինչին ուղղակի պարզաբանումներ տա: Հենց սրանով էլ բացատրվում է, որ կառավարության պաշտոնատար անձը խոսել է տնտեսական աճի տեմպերի վերանայման խնդրից:

-Դուք ևս համոզվա՞ծ եք, որ 2015թ-ի բյուջեով նախանշված 4.1% տնտեսական աճը չի ապահովվելու:

-Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են տնտեսագետներ և տարիներ շարունակ զբաղվում են տնտեսագիտությամբ, նրանց վաղուց հայտնի էր, որ 4,1% տնտեսական աճ ՀՀ-ն չի կարող ունենալ: Մի հանգամանք միայն բավարար էր այդ եզրակացությանը գալու համար՝ Ռուսաստանից եկող տրանսֆերտները: Նոյեմբեր-դեկտեմբերին այդ ցուցանիշը 10%-ով կրճատվեց, իսկ դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա շատ էական նշանակություն ունի:

-Բացի տրանսֆերտներից էլ ո՞ր գործոններ են ազդում տնտեսության վրա:

-Առաջնահերթը Հայաստանի ներքին շուկայի վիճակն է, որը ավելի շատ է ազդում տնտեսության ընդհանուր վիճակի վրա: Ամենաէական հարցը մրցակցության բացակայությունն է, կոռուպցիան, մենաշնորհային տնտեսության հանգամանքը, որովհետև, եթե դրանք չլինեն, Հայաստանի տնտեսությունը գրավիչ կլիներ դրսից եկող ներդրումների համար:

Դրսից եկող ներդրումներն էլ այսօր խայտառակ վիճակում են: Դրանք վերջին երեք տարվա ընթացքում անընդհատ ունենում են բացասական միտումներ:

Եթե 2015թ-ին զրոյական լինեն տնտեսական ցուցանիշները, պետք է համարենք, որ դա մեծ հաջողություն է:

-Հնարավո՞ր է, որ ՀՀ-ի տնտեսությունը 2015թ-ին տնտեսական անկում գրանցի:

-Միանշանակ, պատահական չէ, որ այսօր կառավարությունը գնում է աննախադեպ քայլերի, նկատի ունեմ եվրապարտատոմսերի թողարկումը, որը կփորձեն ներկայացնել իբրև հաջողություն, բայց դա իրականում անհաջողություն է: Այսօր Հայաստանի առաջ ծառացած հիմնական խնդիրներն են՝ կոռուպցիա, մրցակցության բացակայություն, մենաշնորհներ: Եթե այս հարցերը չեն լուծվում, ապա Հայաստանի տնտեսական առաջընթացի մասին խոսելը անլուրջ է:

Հայաստանի տնտեսության զարգացման խնդիրը տնտեսական դաշտում չի գտնվում: Եթե չկա քաղաքական որոշում, ուրեմն որևէ այլ միջոցներ փնտրել, կիրառել՝ տնտեսական աճ ապահովելու համար արդյունք չի տա, ինչի մասին վկայում է վերջին 5 տարիներին Հայաստանում իրականացվող քաղաքականությունը, որի արդյունքում մենք երեք անգամ ավելացրինք մեր պարտքը: Հիմա նույնը շարունակվում է այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել