Արցախյան հակամարտության մասնակցային ձևաչափն այս տարիների ընթացքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել՝ այն նախ միջազգային ճանաչում է ստացել որպես Ադրբեջան-Արցախ երկկողմ դիմակայություն, ապա վեր է ածվել Ադրբեջան-Արցախ-Հայաստան եռակողմ ձևաչափի (1994 թվականի մայիսին ստորագրված հրադադարի համաձայնագրի տակ առկա են ԱՀ, ՀՀ և ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների ստորագրությունները), իսկ ավելի ուշ՝ խաղաղ կարգավորման բանակցությունների փուլում, ձևաչափը կրկին դարձավ երկկողմ, սակայն Արցախի փոխարեն փաստացի հակամարտող կողմ դարձվեց Հայաստանը: Այս թեմայով շատ բանավեճեր են եղել և շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի գործող ղեկավարության մեղքով է եղել, որ Արցախը, փաստորեն, դուրս թողնվեց բանակցային գործընթացից: Ու երբեք չի ասվում այն մասին, թե ինչու և ինչպես պատահեց, որ Արցախ-Ադրբեջան հակամարտ ձևաչափի մեջ հանկարծ ընդգրկվեց նաև Հայաստանը: Իմ դիտարկմամբ, այս առումով Հայաստանի համար ճակատագրական եղավ 1993 թվականի տարեմուտը: 1993 թ. հունիս-հուլիս ամիսներին, ստանձնելով երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնն, Ադրբեջանի փաստացի ղեկավար դարձավ Հեյդար Ալիևը, որը շատ եռանդուն կերպով սկսեց աշխատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ բարելավման ուղղությամբ: Նա այցելեց Մոսկվա, ուր հանդիպեց ՌԴ քաղաքական ղեկավարության և զինված ուժերի հրամանատարության հետ և հավաստեց Ադրբեջանի՝ ԱՊՀ անդամ դառնալու պատրաստակամությունը: Հոկտեմբերի 3-ին Ալիևն ընտրվեց ԱՀ նախագահ: Նոյեմբերի 20-ին, դեռևս խորհրդային շրջանում Ալիևի հետ սերտ աշխատանքային կապեր ունեցած ռուսական միջնորդական առաքելության ղեկավար դեսպան Կազիմիրովն իր շքախմբի հետ փորձեց հատել հայ-ադրբեջանական սահմանը նախապես չպայմանավորված կետում: Սադրանքի արդյունքում Կազիմիրովին ուղեկցող ադրբեջանցի զինծառայողներից մեկը հրազենային վիրավորում ստացավ: ՌԴ ԱԳՆ-ն անասելի ու անհամարժեք աղմուկ բարձրացրեց ռուս դիվանագետի հրահրած սադրիչ միջադեպի առնչությամբ՝ խոսվում էր անգամ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հրատապ անհրաժեշտության մասին: Իրականում այս միջադեպը առիթ ստեղծեց ցույց տալու, որ Հայաստանը ներգրավված է զինված հակամարտության մեջ և այդ ներգրավվածությունը բացառություն չվերապահեց անգամ ռուս խաղաղաբեր-միջնորդ-դիվանագետի համար: Միջադեպից շատ չանցած, ինչ-ինչ «անհայտ» պատճառներով, Հայաստանն ինքն իրեն ճանաչեց հակամարտության կողմ: Անշուշտ, Ադրբեջանը Ռուսաստանին անհրաժեշտ էր, և Ալիևը լավ որսաց պահը. Հայաստանի ներգրավմամբ արցախյան հակամարտությունը ներադրբեջանականից (նկատի ունեմ երբեմնի Խորհրդային Ադրբեջանի ներսում ծագած և ներքին ուժերի մասնակցությամբ ընթացող հակամարտությունից) վերածվեց միջպետական հակամարտության, ու այսօրվա մադրիդյան սկզբունքների ի հայտ գալը մեծապես հիմնված է հենց այդ փոխակերպման վրա: Հանուն արդարության նշեմ նաև, որ նույն այդ 1993 թվականի ընթացքում ակտիվացել էին հայ-թուրքական շփումներն, ու ակնկալիք կար, որ ընդհանուր սահմանը կբացվի, իսկ դա լուրջ սպառնալիք էր դառնալու Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության պահպանման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել