Մոտ 18 տարի առաջ մամաս պատահական մաշկիս վրա 2 փոքր սպիտակ բիծ էր նկատել և համաձայն իր հոգատար բնավորության՝ անմիջապես սկսել բժիշկներով տանել ինձ, որպեսզի իմանա, թե հիվանդություն չի՞ դա արդյոք... Շատ կարճ ժամանակում բերանիս երկու կողմից այդ սպիտակ բծերը չափերով ահագին մեծացան, և գլխից վրա նույնպես մի հատված հայտնվեց, որտեղ մազերը սպիտակել էին... Արդեն ակնհայտ էր, որ ինձ մոտ Վիտիլիգո է, որն, ինչպես հայտնի է, մինչ օրս անգամ չունի բուժում: Այս տարիքում արդեն պատկերացնում եմ, թե ինչ մեծ հարված է ծնողի համար իմանալ, որ իր երեխան հիվանդացել է անբուժելի հիվանդությամբ, և մի քանի տարի հետո ամբողջ մարմինը լինելու է սպիտակ բծերով պատված... Այն ժամանակ թեթև էի տանում, չէի գիտակցում՝ ինչ ա կատարվում... Մայրս չէր հանձնվում, տանում ինձ էլ բուսաբուժության մասնագետի մոտ, էլ տարբեր հիվանդանոցներ պառկեցնում... Ոչ մի բան չէր օգնում, բժիշկներն էլ հույս չէին տալիս էդքան, չգիտեին՝ ինչ պիտի անեն կամ ոնց... Մեկն ասում էր՝ պետք ա ուժեղ դոզայով վիտամին C տալ, չօգնեց: Գնացինք մյուսի մոտ՝ պարզվեց՝ C ընդհանրապես չի կարելի... Չգիտեմ էլ՝ ոնց մերոնք հույսը չէին կորցնում ու անընդհատ նորանոր բժիշկներ գտնում ու ծանր ֆինանսական պայմաններում գումար հայթայթում այդ ամենի համար: Այդ ժամանակ իմացանք, որ մի հնդիկ բժիշկ էր եկել Հայաստան, ով հենց այս հիվանդությամբ էր զբաղվում, բայց կրկին ասում էր, որ բոլորն էքսպերիմենտալ բուժումներ են, հազվադեպ է ստացվում բուժել: Երբեմն ստացվում է կանգնեցնել բծերի տարածումը, բայց արդեն դեպիգմենտացված մասերը չեն վերականգվում: Չգիտեմ ինչպես ստացվեց, բայց ինձ մոտ նախ կանգ առավ տարածումը, իսկ հետո կամաց-կամաց վերականգնվեցին դեպիգմենտացված հատվածները... Հայաստանում այդպիսի բան էն ժամանակ հաստատ չէր եղել, որ բժիշկն իմանում էր՝ չէր հավատում... Եթե անգամ մեծ բաժին տանք բախտի գործոնին, որը, իհարկե, կար, ամեն դեպքում այստեղ ամենակարևոր գործոնը մինչև վերջ մայքարելը, չհանձնվելն էր... Եթե կա համառություն ու արդյունքի հասնելու հավատ, ապա հաջողության շանսերը կտրուկ աճում են: Դրա վառ օրինակն է մորս ջանքերի արդյունքում նահանջած Վիտիլգո հիվանդությունը:

Հ.Գ. Բոլորիս մոտ էլ լինում են պահեր, երբ հիասթափվում ենք ամեն ինչից, հոգնում, ուզում ենք պառկել ու անջատվել էս իրականությունից... Հոգու խորքում ամեն դեպքում ունենում ենք ինչ-որ փոքր հույս, որ ինչ-որ հրաշքով ամեն ինչ տեղը կընկնի... Գիտեք, հրաշքը հենց այդ պահին չհանձնվելն է, ուրիշ հրաշք չկա, և եթե գոյություն ունի բախտ հասկացողություն, ապա բոլոր ուժերով պետք է սնել այն մեր ջանքերով ու համառությամբ... Այս պայմաններում բախտը հաստատ մի օր կժպտա: Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել