Հայաստանի արտաքին պարտքը հասել է 5 մլրդ դոլարի, այդ թվում՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում ներգրավվել է 1 մլրդ դոլար վարկային միջոց: Այս փաստը խիստ անհանգստացրել է «Հրապարակ» թերթին, որը հանդես է եկել «Կառավարության յուրաքանչյուր նիստ սպառնալիք է մեր երկրին» հրապարակումով: Իսկապես, կառավարության մի քանի նիստերի ընթացքում հաստատվել են վարկային համաձայնագրեր, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրով Ագարակից Քաջարան 20.5 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման, Հայաստանից Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման, համայնքային ենթակառուցվածքների բարելավման, անշարժ գույքի շուկայի զարգացման և այլ նպատակներով: 
Պարզվում է, որ նաև իրականություն է դարձել եվրապարտատոմսերի թողարկումը՝ 500 մլն դոլարի չափով: Իհարկե, մտահոգիչ է, որ արտաքին պարտքը մոտենում է Համախառն ներքին արդյունքի 50 տոկոսին, սակայն մասնագետների կարծիքով սա նշանակում է, որ մոտենում ենք վտանգավոր եզրագծին և ոչ թե անցել ենք: 
Մյուս կողմից, մամուլում անընդհատ կառավարությանը քննադատում են, թե չեն կարողանում ներդրումներ ապահովել, ֆինանսական միջոցներ հայթայթել տնտեսությունը զարգացնելու համար: 
Ու եթե մտահոգությունը տնտեսության զարգացումն է և ոչ թե ինքնանպատակ քննադատությունը, ապա շատ ավելի կարևոր է վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին հետևելն ու արդյունքները ներկայացնելը: Այլապես կստացվի, որ «թերթը հեծանվից ընկնելու և քաղաքակրթության կործանման միջև ոչ մի տարբերություն չդնող տպագիր օրգան է»: Ես չէ, Բեռնարդ Շոուն է ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել