Մի չինական գավառում ապրում էր Վիշապը: Մարդիկ ամեն ամիս պետք է նրան անասելի ծանր հարկ վճարեին և տային ամենագեղեցիկ աղջկան: Բայց գավառում ապրում էին նաև արժանավոր սխրագործներ, ովքեր ներխուժում էին վիշապի պալատն ու մարտնչում էին նրա դեմ: Շատ պատանիներ ջանում էին մարտի մեջ մտնել վիշապի դեմ իր պալատում, բայց ամեն անգամ պալատի պատշգամբ էր ելնում գուժկանն ու ազդարարում. «Վիշապը ողջ է: Վիշապը հաղթեց»: Շատ ժամանակ անցավ։ Հայտնվեց հերթական սխրագործը: Երբ նրա սիրած աղջկան տարան վիշապի մոտ, նա վերցրեց սուրն ու գնաց պալատ: Դարպասները բացելով` նա մտավ վիթխարի դահլիճը: Կենտրոնում կեցած էր գահը, դրա վրա պառկած էր զառամ վիշապը: Պատանին մի երկու անգամ սրով բոթեց նրան` վիշապը սատկեց: Պատանին քայլեց պալատի երկար միջանցքներով` որոնելով իր հարսնացուին։ Պատերի տակ ոսկով և թանկարժեք իրերով լեցուն անթիվ սնդուկներ էին։ Այն միջոցին, երբ պատանին ընթանում էր պալատի միջանցքներով և զարմանում էր հարստությունից, որն, ըստ օրինաց կարգի` այժմ իրեն էր պատկանում, սկսեց հիանալ ալմաստների փայլով ու գեղեցկությամբ, նրա մոտ պոչ աճեց, հետո ճանկեր, ժանիքներ, թեփուկներ։ Պատանին ձեռքերը խրում էր ոսկու սարերի մեջ և չէր կարողանում կտրվել: Միջանցքի վերջում բացվեց դեպի պատշգամբ տանող դուռը, ներքևում կանգնած էր ամբոխը։ Գուժկանը հայտարարեց (ինչպես սովորաբար)` «Վիշապը ողջ է: Վիշապը հաղթեց»: Պատանին զարմացավ և սկսեց առարկել գուժկանին, թե, իբր, վիշապը պարտվել է և սրով խոցված պառկած է հատակին: Գուժկանը միայն մատնացույց արեց հայելին: Պատանին թեքվեց դեպի հայելին և տեսավ, թե ինչպես իր` թանկարժեք քարերի ու ոսկու փայլից հիացած աչքերն արյունով են լցվել, դեմքը վայրենացել է, իսկ աչքերն անճանաչելի են դարձել: Պատշգամբում կանգնած էր երիտասարդ, քաղցած և կատաղած վիշապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել